Թբիլիսիի քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն հանդիպել է հայ ընտրողներին:
Նախընտրական քարոզարշավի համար «Վրացական երազանքն» ընտրել էր Խոջիվանքի հարակից տարածքը:
Կախա Կալաձեն իր ելույթը սկսեց ընտրվելու դեպքում ապագա մի քանի տարիների անելիքով. «Ուզում եմ կարճ ասել՝ ինչ ենք ուզում անել առաջիկա տարիների ընթացքում: Մենք գիտենք բոլոր խնդիրները, արդեն նախատեսել ենք դրանց լուծման ուղիները: Ես լավ եմ պատկերացնում նաև, որ չորս տարիների ընթացքում դրանք վերջնականապես լուծել անհնար է, բայց այն, ինչ կանենք այս տարիների ընթացքում, էապես աչքի կընկնի, հասանելի կլինի յուրաքանչյուր Թբիլիսցու համար»:
Թեկնածուն ասում է՝ գործը սկսելու է քաղաքի քաոսային կառուցվածքից: Դրա համար պետք է արագ ընդունել հողատարածքների մասին օրենքը, ինչի արդյունքում կբացառվեն անտեղի շինությունների կառուցումը, կփոխվի քաղաքի արտաքին տեսքը:
Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն հայ ընտրողներին խոստացավ՝ շինարարության ոչ մի թույլտվություն չի լինի՝ խաղահրապարակների պուրակների, կամ այգիների հաշվին: Ասում է՝ դեմ չենք շինություններին, սակայն ամեն ինչ պետք է լինի հերթականությամբ, ըստ օրենքի և անհրաժեշտության:
Կալաձեի նախընտրական ծրագրի մաս է կազմում քաղաքային տրանսպորտի նորացումը: Բոլոր դեղին ավտոբուսները պետք է փոխարինվեն նոր էկոլոգիապես անվնաս ավտոբուսներով, բարելավվելու է հանրային տրանսպորտի գրաֆիկը, բացվելու են նոր երթուղիներ, վերանորոգվելու է մետրոն: Իշխող կուսակցության թեկնածուի նախընտրական ծրագրի առաջին կետերից է նաև հին Թիֆլիսի վերանորոգման աշխատանքները, ապագա չորս տարիների ընթացքում այդ նպատակով ավելի քան 500 մլն լարի է նախատեսված:
«Միշտ մենք դարերով, տարիներով միասին գալիս ենք, վրացիներս բավականին տոլերանտ ժողովուրդ ենք, մենք աչքի ենք ընկնում ամբողջ աշխարհում և հնարավոր է նաև օրինակ էլ լինենք աշխարհի երկրների համար, թե ինչպես կարելի է կառուցել երկիրը, դժվարությունն ու քեֆ-ուրախությունը մեզ համար կողք կողքի է եղել, միշտ այդպես էլ կլինի»,- Ալիքի հետ զրույցում ասում է Կախա Կալաձեն:
Թեկնածուն հայ ընտրողների հետ հանդիպման էր եկել Իսանի-Սամգորիի ընտրատարածքի պատգամավոր Դավիթ Ճինճինաձեի, նույն տարածքից Թբիլիսիի քաղաքային խորհրդի (Սակրեբոլո) պատգամավորի թեկնածու Իլիա Ջիշկարիանիի, իշխող կուսակցության այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Կալաձեն ևս մեկ հանդիպում էր ունեցել թբիլիսահայերի հետ՝ այցելելով Հավլաբար թաղամասի հայկական եկեղեցի: