Վրաստանի խորհրդարանը չեղարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախագահի վետոն: Նախ քվեարկության է դրվել նախագահի կողմից նշումներ արված նախագիծը, որին մեծամասնությունը չի աջակցել և քվեարկությունը ավարտվել է 8 դեմ և 110 կողմ ձայնով: Իսկ հետո խորհրդարանը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների սկզբնական տարբերակը, ինչի արդյունքում քվեարկությունն ավարտվել է 117 կողմ և 7 դեմ ձայնով։
Քվեարկության է դրվել նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության մասին սահմանադրական օրենքի նախագիծը, որի վրա դրված նախագահի վետոն խորհրդարանը կրկին չեղարկել է և 117 կողմ ու 3 դեմ ձայնով ընդունել սկզբնական նախագծի տարբերակը։
Նախագահի վետոն չեղարկելու հարցն այսօր խորհրդարանը հինգ ժամից ավել քննարկում էր։
«Այսօր մենք ընդունեցինք լրամշակված փաստաթուղթ: Մենք թերի փաստաթուղթը փոխարինել ենք առավել կատարելագործվածով, որով, ինչպես Վենետիկի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունները նշեցին, հիմնվում է կայուն եվրոպական տեսակի խորհրդարանական կառավարման համակարգ», — սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո իր խոսքում նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ինչ վերաբերում է օրենքի հաստատմանը, ապա Կոբախիձեն ասել է, որ դա տեխնիկական հարց է և կարևոր չէ, թե ով կստորագրի: Նրա խոսքերով, ստորագրությունը նախագահի իրավասությունն է և եթե նա չկատարի, ապա ստորագրության համար պատասխանատու կլինի խորհրդարանի նախագահը: