Մայիսի 10-ին վրաստանյան մամուլը առավելապես անդրադարձավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպմանը:
«kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին երկրի նախագահին հանդիպել են նախագահական նստավայրում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրություններին վերաբերող հարցեր: Հանդիպումից հետո ազդարարվել է այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի ամսաթիվը: Ըստ տարծված պաշտոնական հայտարարության` նախընտրական քարոզարշավը կսկսվի հունիսի 8-ին, իսկ ընտրությունների օր է նշանակվել 2016-ի կոկտեմբերի 8-ը:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` Վրաստանում ավտովթարների զոհ է դառնում 550-ից 600 մարդ: Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլիի հայտարարությամբ` Վրաստանի 3.7 միլիոն բնակչից յուրաքանչյուր 3-րդը մեքենա ունի, դրանց թվաքանակը երկրում 1.2 միլիոն է: Նախարարի տեղակալի խոսքերով` Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն ներգրավված է ճանապարհային անվտանգության ոլորտի խնդիրները լուծելու գործում: Միևնույն պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Դեսպանատունը նաև նշել է, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հակամարտության կարգավորման համատեքստում կորոշվի, ինչը՝ ըստ պարբերականի, ենթադրում է, որ` «բռնագրավված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին»:
«Kvira.ge» պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանի ռազմական դատախազությունը ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում լարվածության ուժեղացման հետ կապված քրեական գործ է հարուցել: «Ադրբեջանական զինվորները զոհվել են Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքի պատճառով»,- հատարարել է Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիևը: Նրա խոսքերով` այս պահին Ադրբեջանի ռազմական դատախազությունը հետաքննում է գործը:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում մայիսի 11-ին կկայանա գիտխորհրդի անդամների ընտրություններ: Ընտրական գործընթացը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ին և կտևի մինչև 17:00-ը: Գիտխորհրդի ընտրություններին գրանցված է 33 թեկնածու: Գիտական խորհրդի բաղկացած է համալսարանի պրոֆեսորադախոսական կազմի ներկայացուցիչներից և ֆակուլտետների խորհրդի անդամ ուսանողական ինքնակառավարման անդամներից: Ընդհանուր առմամբ խորհուրդն ունի 15 անդամ:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը եւս անդրադարձել է այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Հեռուստաընկերությունը փոխանցել է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի որոշմամբ, երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ընթացիկ տարվա հունիսի 8-ին և կտևի ուղիղ 4 ամիս: Նախագահը նաև ընդգծել է, որ նշված ամսաթիվը փոփոխման ենթակա չէ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է նաև հանրային հեռուստաընկերության լրագրող Քեթևան Քարդավայի հետ: Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Քարդավային` բարձր մասնագիտական կարողությունների համար: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, նախագահի խորհրդական Թինաթին Մժավնաձեն և հանրային հեռուստաընկերության տնօրեն Գիորգի Բարաթաշվիլին՝ տեղեկացնում է «kvira.ge»-ին:
«interpressnews»-ի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքապետԴավիթ Նարմանիան հայտարարել է, թե իր իմպիչմենտի մասին լուրերը իրականության հետ որեւէ կապ չունի: Լրագրողի հարցին, թե ընդդիմության պնդմամբ Թբիլիսիի բուսաբանական այգու որոշ տարածքների օտարման վերաբերյալ Նարմանիան Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օգտին որոշում է կայացրել, ինչի պատճառով նա պետք է պաշտոնից հեռանա, Նարմանիան պատասխանել է «Հակառակ դեպքում ի՞նչ կանեն»:
Քաղաքապետի խոսքերով` բուսաբանական այգու վերաբերյալ կայացրած որոշումըa օրենքի սահմաններում է և դրանից քաղաքը չի տուժի, ընդհակառակը` կհայտնվի ևս մեկ հանգստյան գոտի: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ` Վրաստանի և Չեխիայի խորհրդարանների նախագահները համատեղ դասախոսություն են անցկացրել Իլիա Ճավճավաձեյի անվան Թբիլիսիի պետական համալսարանում: Հանրային դասախոսության ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին անդրադարձել է Ստալինին. «Օբյեկտիվ իրողություն է այն, որ մեր երկրում դեռեւս կան մարդիկ, ովքեր համարում են, որ Ստալինը հերոս է եղել: Չեմ կարծում, որ որոշակի խմբերի առկայությունը լուրջ խոչընդոտ է»,- հայտարարել Ուսուփաշվիլին: