Հոկտեմբերի 7-ին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի քաղաքապետարանի պատմաազգագրական թանգարանի և Բաթումիի հնագիտական թանգարանի միջև համագործակցության վերաբերյալ արձանագրություն կնքվեց։
Այսպիսով, թանգարանները համատեղ գիտական աշխատանքներ կիրականացնեն և կհամագործակցեն մշակութային ոլորտում:
Այս օրերին տոնվող Էջմիածնի օրվա շրջանակներում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարևորեց նմանօրինակ գործակցությունը` ընդգծելով, որ հայերն ու վրացիները միևնույն քաղաքակրթական դաշտում գտնվող հոգեհարազատ ժողովուրդներ են:
Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանն էլ հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կնպաստի Էջմիածնի և Բաթումիի քույր քաղաքներ դառնալուն։
«Բավական լուրջ գիտական աշխատանքներ ենք ծրագրել իրականացնել, համատեղ ցուցահանդեսներ, փորձի փոխանակում, արշավներ, պեղումներ, համաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլն»,-նշեց Թադևոսյանը։
Բաթումիի հնագիտական թանգարանի աշխատակից Էմզար Կախիձեն իր խոսքում եւս կարևորեց այս համագործակցությունն ու շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։
«Մենք բազմադարյա լավ հարաբերություններ ունեցող հարևաններ ենք, ինչը վերահաստատում ենք նաև այս արձանագրությամբ։ Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, այդ թվում մասնավորապես Էջմիածինը, որը կարելի է վերածել շատ կարևոր զբոսաշրջային կենտրոնի»,-ասաց Կախիձեն։
Երկու թանգարանների միջև համագործակցության կազմակերպիչ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից Հարություն Խուդանյանի կարծիքով, թեև վրացիների հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն երբեմն հրատապ լուծում պահանջող հարցեր են ծագում, և այս պարագայում խիստ կարևոր է մտավորականների համագործակցությունը։
«Հարկավոր է Խորհրդային Միությունից հետո մոռացված կապերը վերականգնել, և այսօրվա հուշագիրն առաջին քայլն էր, որի հիման վրա առաջիկայում կկազմակերպվեն բազմաթիվ համատեղ միջոցառումներ։ Սա շատ էական համագործակցություն է, քանի որ մտավորականը բարձր արժեքային համակարգ է հաղորդում հասարակությանն ու բարդ խնդիրներին լուծում առաջարկում, սա պիտի լինի ամենօրյա աշխատանք, մեր հասարակություններում մշտապես պետք է սերմանվեն դրական հույզեր»,-կարծում է Խուդանյանը։
Վրաստանյան պատվիրակության այցելությունն այսքանով չի ավարտվի, ևս մեկ օր նրանք կանցկացնեն Հայաստանում՝ այցելելով Մեծամորի հնավայր և վերջինիս կից պատմահնագիտական արգելոց-թանգարան։