Վրաստանի պատրիարքարանում կայացել է հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաց ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների միջև Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած միջադեպին լուծում տալու նպատակով:
Արդյունքում, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցին, Վիրահայոց թեմը, Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը և Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Այդ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի, և այն համարվում է վրացական:
Այս առիթով «Հետք»-ը զրուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
-Սրբազա´ն, համատեղ հայտարարությունը Դո՞ւք եք ստորագրել, և դրա մեջ չեք վիճարկում Գումբուրդոյի եկեղեցու հայկական լինելը:
-Այո, ես եմ ստորագրել: Բայց ո՞վ է վիճարկում, որ ես վիճարկեմ: Դա պատմականորեն վաղուց ապացուցված վրացական եկեղեցի է, և որևէ մեկը չկա, որ ապացուցի, որ դա հայկական է:
-Հայկական ժառանգությունն ուսումնասիրող Սամվել Կարապետյանը գրել է, որ եկեղեցու տարածքում պահպանված բեկորված խաչքարերը փաստում են միջնադարում տեղում հայոց գերեզմանոցի գոյությունը, դրանք վերաբերում են առնվազն 15-րդ դարին և անուղղակիորեն վկայում են, որ Սբ. Համբարձման եկեղեցին արդեն այդ ժամանակաշրջանում օծված է եղել որպես հայ-առաքելական և գործել ըստ այդմ:
-Սամվել Կարապետյանը երբեք չի ասել, որ դա առաքելական եկեղեցի է եղել: Առաքելական եղել է նրա մի հատվածը՝ 1830 թվականին, երբ եկեղեցուն կից կառուցած գավիթը փայտերով սարքեցին որպես Համբարձման եկեղեցի: Ամբողջական այդ եկեղեցին երբեք առաքելական չի եղել, դա վրացական եկեղեցի է: Ճիշտը մնում է ճիշտ:
-Եկեղեցին շատ վաղուց ծառայել է տեղացի հայ բնակիչներին և օգտագործվել նրանց կողմից:
-Ամբողջական եկեղեցին չի օգտագործվել, օգտագործվել է նրա արևմտյան մասում կառուցված գավիթը: Ժամանակին՝ 1830-ականներին, երբ եկել են, դիմել են այն օրերի վրաց սինոդին, որ վրացական սինոդը թույլ տա դա ժամանակավոր օգտագործել որպես հայկական եկեղեցի: Եթե վրացական չէր, ինչու են դիմում վրացական սինոդին:
-Դիմել են և´ վրացական սինոդին, և´ Էջմիածնին:
-Այո, որովհետև այն օրերին Էջմիածնի սինոդն էր բոլոր հարցերը կարգավորում: Դրա համար Էջմիածնի սինոդը դիմում էր վրացական սինոդին: Եթե վրացապատկան չէր, ինչու պիտի հայերը դիմեին սինոդին՝ խնդրելով, որ նրանք թույլ տային:
-Նույն հաջողությամբ կարող ենք այն վիճահարույց 6 եկեղեցիների, օրինակ՝ Թբիլիսիի Սուրբ Նորաշենի և Ախալցխայի Սուրբ Նշանի մասին էլ արտահայտվել, որ վրացապատկա՞ն են եղել:
-Ոչ, նրանք երբեք վրացական չեն եղել, և վրացիներն էլ այդպես չեն ասում: Նրանք ասում են՝ հայկական են: Դրանք կառուցվել են փլված վրացական եկեղեցիների տեղում: Նրանք երբեք չեն հերքում, որ դրանք հայկական են:
-Տեղյա՞կ եք, թե երբ է Վրաց ուղղափառ եկեղեցին սեփականաշնորհել Գումբուրդոյի եկեղեցին:
-2000-ականներին կամ դրանից առաջ: Գուցե 90-ականներին: Եկեղեցին հիմա վերականգնում են այնպես, ինչպես եղել է 10-11-րդ դարերում: Այնտեղ հայկական մաս չկա: Մենք պիտի ուղիղ լինենք, որպեսզի իրենք էլ մեզ հետ ազնիվ լինեն, որպեսզի երբ մենք վաղը-մյուս օր պահանջենք, իրենք էլ նույն կերպ մոտենան մեզ հուզող հարցերին: Վրաստանի իշխանությունը և պատրիարքարանն իրոք շատ մտահոգված են և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրը լուծվի նորմալ, մեր ժողովրդին էլ ոչնչով չնեղացնեն: Այնպես որ, աշխատանքը տարվում է: Վրացական կողմը շատ բարի ու դրական է տրամադրված մեր համայնքի և Հայաստանի նկատմամբ, որ այս ամբողջ հարցերը լուծվեն բարի կերպով: Պետք է այդ ուղղությամբ էլ աշխատենք:
-Գումբուրդոյի խաչքարի տեղադրման վերաբերյալ Վիրահայոց թեմը երբևէ նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է:
-Երբեք: Դա մեր նախաձեռնությունը չէ, դա ժողովրդի նախաձեռնությունն է:
-Ձեզ չե՞ն դիմել, որպեսզի օծեք խաչքարը:
-Ժողովուրդն այդ բոլոր հարցերով նամակ էր հղել Հայաստանի և Վրաստանի ղեկավարներին և հոգևոր պետերին: Գնացել ենք, մեր ժողովրդի հետ հանդիպել ենք: Իմացել ենք, որ խաչքարի տեղադրման համար անպայման իրավունք է պետք: Եվ մենք էլ, միանալով նրանց, բանակցություն ենք վարում: Դա մեր խնդիրը չէր: Դա համայնքի, տեղական իշխանության և վրաց եկեղեցու խնդիրն էր: Մեր թեմը դրա հետ բացարձակ կապ չուներ: Ինչո՞ւ այդ եռանկյունը: Որովհետև եկեղեցին Վրաց ուղղափառ եկեղեցու սեփականությունն է: Խաչքարեր տեղադրելու թույլտվությունն իր տարածքում պիտի տար Վրաց ուղղափառ եկեղեցին, իսկ պետական իշխանությունն էլ, իր ժողովրդի հետ, իհարկե, պիտի բանակցեր այդ հարցերի հետ կապված: Եթե այդ եռանկյունը չի գործել, մենք` որպես թեմ, չէինք կարող մնալ հեռվում, որովհետև մեր ժողովուրդն է, դրա համար աշխատում ենք: Եվ ինձ թվում է՝ մոտ օրերս որոշակի լուրեր կունենանք: Լրատվությունը կտրվի նոր հանդիպումների մասին:
-Խաչքարի տեղադրման վերաբերյալ կա՞ վերջնական համաձայնություն:
-Խաչքարի հետ կապված՝ դեռևս չկա: Աշխատանք է տարվում, և կարևոր չէ…կարող է այդ խաչքարը չէ, այլ խաչքար տեղադրվի, այնպես որ՝ մենք չենք կենտրոնանում այդ խաչքարը տեղադրելու վրա, մենք այդտեղ այլ սկզբունքային հարցեր ենք լուծում մեր ժողովրդի համար:
Նյութի աղբյուր՝ Hetq.am