Մայիսի 9-ին վրաստանյան մամուլն առավելապես անդրադարձավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին և շնորհավորանքներին:
«kvira.ge» պարբերականը թեմային վերաբերող մի քանի հոդված հրապարակեց: Պարբերականի փոխանցմամբ` Հայրենական մեծ պատերազմի 71-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Կառավարության անդամների հետ այցելել է Թբիլիսիի Վակե թաղամասի այգում գտնվող 2-ր աշխարհամարտի զոհերի` Անհայտ զինվորի հուշարձան և վետերանների հետ մասնակցել պատերազմը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսին.
«Մեր պարտքն է` խոնարհվել բոլոր այն մարդկանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են, որպեսզի իրենց ժառանգները ապրեն խաղաղ աշխարհում: Սա մարդկության պատմության մեջ աննախադեպ իրողություն է»,- հայտարարել է Կառավարության ղեկավարը:
Վրաստանի կառավարության որոշմամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները 600 լարիի չափով օգնություն կստանան: Նախագահ Մարգվելաշվիլին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերիշվիլիի, նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլիի և վարչակազմի այլ աշխատակիցներ այցելել են Անհայտ զինվորի հուշարձան:
«Մայիսի 9-ը չարիքի հանդեպ մարդկության մեծագույն հաղանակն է, և մենք` վրացիներս, քանակապես փոքր ժողովուրդ լինելով, կարող ենք հպարտությամբ ասել, որ այս հաղթանակի մեջ շատ մեծ դերակատարություն ենք ունեցել: Բոլորիս շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ»,— հայտարարել է Վրաստանի նախագահը: Գիորգի Մարգվելաշվիլիի որոշմամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին կտրվի դեղորայքի կտրոններ` վաուչերներ, ինչի համար նախագահն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 125.300 լարի:
Անհայտ զինվորի հուշարձան են այցելել նաև Վրաստանի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Էբրալիձեն և Բեսիկ Լոլաձեն: «Interpressnews»-ի փոխանցմամբ` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի խորհրդարանի շենքում կազմակերպվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ընդունելություն: Խորհրդարանում նաև տեղի է ունեցել պատերազմին Վրաստանից մասնակցածների մասին պահպանված պատմական փաստաթղթերի լուսանկարչական և տեսանյութերի ցուցահանդես:
«Վրաստանի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավար Պաատա Բուրչուլաձեն վետերաններին շնորհավորել է հաղթանակի տոնի կապակցությամբ. «Այսօր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Ուզում եմ շնորհավորել բոլոր վետերաններին: Վրաստանում չկա մի ընտանիք, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կորցրած չլինի գոնե մեկ անդամի»,- հայտարարել է Բուրչուլաձեն` տեղեկացնում է «Kvira.ge»-ն:
Վրաստանյան մամուլի մի շարք ներկայացուցիչների փոխանցմամբ` երկրի տարբեր շրջաններում տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ: Մասնավորապես` «kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի Օզուրգեթի քաղաքում նշվել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը: Օզուրգեթիի շրջանի ղեկավար Մերաբ Ճանուկղվաձեն շրջանի վետերաններին է 200-ական լարի է տվել. «Շնորհավորում եմ մեր վետերաններին` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակի կապակցությամբ: Նրանց հանդեպ մեզանից յուրաքանչյուրը պարտավորություններ ունի: Վետերաններին առողջություն և երկարակեցություն եմ մաղթում» ,- հայտարարել է Ճաբուկղվաձեն:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի մի շարք քաղաքներում ևս նշվել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը: Խաշուրի քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին շնորհավորել է քաղաքապետ Գիորգի Գուրասպաշվիլին: Նա ծաղկեպսակ է դրել պատերազմի զոհերի հուշարձանին: Տեղի է ունեցել նաև համերգ, որին մասնակցել են Խաշուրիի տարբեր գեղարվեստական խմբեր: Քաղաքապետը վետերաններին է նվիրել 300 լարի:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը նշվել է նաև Բոլնիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում: Վրաստանում բնակվող բոլոր վետերանները ստացել են դրամական օգնություն: Գորիում, Ստալինի տուն –թանգարանին հարակից տարածքում, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ակցիա, որտեղ ցուցարարները պահանջել են վերականգնել Ստալինի արձանը և Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ցուցարարներն իրենց հետ ունեցել են կարմիր դրոշներ և Ստալինի նկարներ: Ցույցի ժամանակ կազմակերպիչների և լրագրողների միջև տեղի է ունեցել առճակատում: Ցույցի մասնակիցները մեղադրել են լրատվամիջոցներին` Ստալինի մասին բավականաչափ չխոսելու մեջ:
Մայիսի 9-ին «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ համերգ «Եռատոն 2016» անվանմամբ՝ նվիրված հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրմանը և Լեռնային Ղարաբաղի բանակի օրվան: Համերգին երգով և պարով մասնակցեցին հայ և վրացի երիտասարդներ: