Նախագահն ու ըննդիմությունը առաջարկություններ են ներկայացրել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ու ընդդիմադիր մի խումբ կուսակցություններ իշխող «Վրացական երազանք»-ին Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ  4 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ներկայացրել:

Նախագահի խորհրդարանական  ներկայացուցիչ Աննա Դոլիձեի խոսքով, առաջարկությունների որոշումը նախագահն ու ընդդիմության ներկայացուցիչներն ընդունել են հոկտեմբերի 5-ին ունեցած հանդիպման ավարտին:

«Նախագահն ու ընդդիմությունը մինչ այդ մշակել էին 6 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: Խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո նրանք ևս մեկ քայլ ընդառաջ գնացին՝ առաջարկությունները հասցնելով 4-ի։ Դրանցից մեկը վերաբերում է մեծամասնական բոնուսային համակարգի արգելմանը, 2-րդ առաջարկը թույլատրում է ընտրական բլոկներ ձևավորել, 3-ը՝ համամասնական ընտրակարգի անցնել 2020 թվականից, 4-րդը՝ խորհրդարանը նախագահին կընտրի միայն այն ժամանակ, երբ Վրաստանը կունենա երկպալատ խորհրդարան: Սա ևս մեկ քայլ է՝ ընդհանուր համաձայնության հասնելու համար: Ընդդիմությունն ու նախագահը պատրաստ են նաև  մեծամասնության հետ քննարկել այլ, այդ թվում նաև կրոնական ազատությանը վերաբերվող հարցեր»,- նշել է Դոլիձեն:

 

Թողնել պատասխան