Ստորև ներկայացնում ենք «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության կոչը Ջավախքի դեպքի վերաբերյալ․
«Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 30-ին Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և միանում երկուստեք հնչող կառուցողական կոչերին՝ համակողմանիորեն ընդունելի լուծում գտնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները՝ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին և ջավախահայությանը զսպվածություն ցուցաբերել և չշիկացնել լարված մթնոլորտը, ինչպես նաև հայ և վրաց եկեղեցիների առաջնորդներին՝ փոխըմբռնմամբ լուծում տալ վիճելի եկեղեցիներին առնչվող՝ արդեն իսկ տարիներ ձգվող հիմնահարցին:
«Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը մեծապես կարևորում է նաև ետխորհրդային շրջանում հայ և վրաց մտավորականության ներկայացուցիչների դերը երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխադարձ հարգանքի ամրապնդման գործում: Այս օրերին հետևելով լրատվամիջոցներում խնդրի լուսաբանմանը՝ հանդիպել ենք իրարամերժ, դեպքերն անգամ ազգամիջյան բախումներ որակվող հրապարակումների, ինչն անթույլատրելի և վտանգավոր է ոչ միայն ընթերցողին մոլորեցնելու, այլև սադրանքի հանիրավի հրահրողը դառնալու հարցում: Հորդորում ենք լրատվամիջոցներին շրջահայացություն և զսպվածություն ցուցաբերել՝ չանտեսելով հայ և վրաց դրկիցների նվիրական զգացմունքները և մասունքների հանդեպ պաշտամունքը: Նկատենք, որ լրատվամիջոցների կողմից յուրաքանչյուր արտասանված կամ գրավոր խոսք իր արձագանքն է գտնում սոցիալական հարթակներում և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր քաղաքականորեն բարդ տարածաշրջանում: «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը շարունակելու է ուսումնասիրել և վերլուծել իրավիճակը՝ օգտագործելով հանրային դիվանագիտության հնարավոր բոլոր խողովակները հարցի լուծմանն աջակցելու նպատակով:
Հարգանքով՝ «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության վարչություն։