Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած առճակատման շուրջ շարունակվում են քննարկումնրը վրացական մամուլում եւ սոցիալական ցանցերում: Պատմաբան, պատմական գիտությունների եւ աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Սերգո Վարդոսանիձեն, ով վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի մասին գրքի հեղինակ է, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հարցին.
«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում զարգացած իրադարձություններին պետք է արձագանքենք սառը դատողությամբ եւ պետական մտածելակերպով: Ֆեյսբուքյան հայհոյանքները եւ Թբիլիսիից բռունցքներ թափահարելը իրավիճակը էլ ավելի է սրում: Հարկավոր է լրջորեն աշխատել շրջանի ոչ վրացի բնակչության հետ: Նրանց գիտակցության մեջ այն միտքը, որ սա էլ Հայաստան է, առկա է դեռեւս 19-րդ դարից: Վերհիշենք 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Ռուսաստանի կողմից այս տարածքների բռնազավթումը եւ այստեղի վրացի մահմեդական բնակչության արտաքսումը, Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսումը:
Առաջին բնակիչներին` շուրջ 50.000 ընտանիքի, առաջնորդում էր Էրզրումի եպիսկոպոս Կարապետ Բագրատունին: Ախալքալաքի եւ Ախալցիխեի նոր բնակավայրերը ուսումնասիրելուց հետո Բագրատունին գրում է. «Մենք այն Հայաստանից նոր Հայաստան ենք եկել, կեցցե՛ նոր Հայաստանը»: Այս պահից սկսած այս ժողովրդին այս կերպ են ներկայացրել իրավիճակը, այդ իսկ պատճառով նրանց համար անհասկանալի է, թե ինչու են վիճում վրացիները: Չմոռանանք նաեւ նախորդ դարի (նկատի ունի 19-րդ դարը, խմբ.) 90-ական թվականներից Ախալքալաքի ռուսական ռազմական բազայի մուտքի մոտ գեներալ Պասկեւիչի հետեւյալ բովանդակությամբ գրությունը.
«Աներկյուղ տիրացեք այս հողերին, ռուսական զորքը կպաշտպանի ձեզ»:
Այս իրադարձությունից պետք չէ բորբոքվել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել: Պետությունը պետք է գործընթացում ներգրավի հայ հասարակական գործիչներին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, զուգահառաբար հարկավոր է լուրջ աշխատանք իրականացնել տեղի բնակչությանը՝ վրաց հանրության մեջ ինտեգրելու ուղղությամբ:
Հայերն ու վրացիները պատմական հարեւաններ են եւ, հասկանալու համար, թե ում է ձեռնտու հակասությունները մեր միջեւ մեծ ջանքեր հարկավոր չեն:
Հ.Գ. Փոխադարձ վիրավորանք պարունակող մեկնաբանություններով է՛լ ավելի կհեռանանք միմյանցից` ստեղծելով լարվածության նոր թեժ կետ»,- նշված է Վարդոսանիձեի ֆեյսբուքյան գրության մեջ: