Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին և խորհրդականներ, քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման և զարգացման հարցեր:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպման ժամանակ Վրաստանի հետ նոր համագործակցության ձևաչափեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպմանը խոսվել է նաև տնտեսական, առևտրային հարաբերությունների, դրանց զարգացման անհրաժեշտության, ինչպես նաև մշակութային կապերի և զբոսաշրջության զարգացման դինամիկայի մասին: Երկստեք ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերին, որոնք «ապահովում են երկու երկրների զարգացումն ու կայունությունը»:
Նշվել է, որ չնայած Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Վրաստանը ստորագրել է Եվրամության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, դրանք երկու երկրներին չպետք է խանգարեն
Արա Բաբլոյանի ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին: Հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել: Խոսվել է երկու երկրների միջև առկա պատմամշակութային կապերի կարևորության և զարգացման մասին:
Հիշեցնենք` հայկական պատվիրակությանը մինչ այդ ընդունել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: