Վիրահայոց թեմը արդեն մի քանի տարի է, ինչ Համբարձման տոնը կամ Ջանգյուլումը վերածում է ազգային տոնակատարության: Ներկայացվում են ժողովրդական ծիսակատարություններն ու օրվա բուն խորհուրդը:
Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը: Այն նաև անվանում են Ջանգյուլում (գյուլ` նշանակում է ծաղիկ): Այն ավելի շատ վերագրվում է երիտասարդ, չամուսնացած աղջիկներին ու տղաներին:
Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք: Տոնի խորհուրդը մանրամասն ներկայացնում է սբ Գեւորգ եկեղեցու լուսարարապետ տեր Ղեւոնդ քահանա Թոփաշյանը:
«Մեր տերը խոստացել էր, որ հարությունից քառասուն օր հետո պետք է համբարձվեր երկինք եւ նստեր հոր աջ կողմում: 40 օրվա ընթացքում տերն այցելում էր աշակերտներին, խաղաղություն տարածում: Դա կարեւոր փաստերից մեկն է. Ինչո՞ւ նա մնաց 40 օր: Թովմաս առաքյալը կասկածում էր Քրիստոսի հարությանը: Այդ իսկ պատճառով տերը 40 օր շարունակ ոչ միայն եկավ նրանց տեսոության, այլեւ ընթրեց նրանց հետ: Անշուշտ, նա ուտելու կարիք չէր զգում, սակայն այդպիսով ապացուցեց, որ նա նույն մարմնով գտնվում է իրենց հետ միասին: 40-րդ օրը Հիսուսը նստեց իր հոր աջ կողմում: Իսկ ահա հիսուներորդ օրը մենք սպասում ենք Քրիստոսի էջքը առաքյալների վրա»:
Համբարձման տոնից մեկ օր առաջ, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում: Դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին հավաքում և փնջեր կապում: Ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուր աղջիկ դրա մեջ իր իրերից էր գցում, և գեղեցիկ ծաղիկներով զարդարում այն:
Միջոցառման կազմակերպիչ Հայարտուն կենտրոնին կից գործող սբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ուսուցչուհի Օկսանա Շարոյանը խոսեց միջոցառման մասին.
«Չգիտես թե ինչու` տարիների ընթացքում վերացել է Ջանգյուլումը նշելու ավանդույթը: Այժմ մենք փորձում ենք մեր միջոցառման միջոցով ժողովրդին տեղեկացնելմեր ավանդույթների մասին` վերականգնելով դրանք»:
Հինգշաբթի առավոտյան Ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` իրենց սրտի խոսքն են ասում, նրանցից ստանալով բաժին: Ընտանիքի անդամները նաև մի-մի իր էին գցում կուլայի մեջ` վիճակահանությանը մասնակցելու համար:
Լուսնկարը` Յուրա Ակուլյանի