Օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավայի աճյունը տեղափոխվել է Վրաստան: Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին և 22-ին նրա բնակարանում: Տենորին կհուղարկավորեն սեպտեմբերի 23-ին: Սոտկիլավայի քաղաքացիական հոգեհանգիստը կանցկացվի սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Օպերային երգչին կհուղարկավորեն Սաբուրթալոյի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ վրացի օպերային երգիչը մահացել է սեպտեմբերի 18-ին՝ Մոսկվայում։ Տենորը վերջին ժամանակահատվածում վատառողջ էր:
Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին, Սուխումիում: 1965 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան՝ Դավիթ Անդղուլաձեի ղեկավարությամբ, հետագա 9 տարվա ընթացքում երգել է Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:
1966-1968 թվականներին վերապատրաստվել է Միլանի Լա Սկալայում: 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում Դոն Ժոզեի դերով կայացել է երգչի դեբյուտը, մի տարի անց Զուրաբ Սոտկիլավան որպես մենակատար միացել է թատրոնի խմբին: Զուգահեռ դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում:
Երգիչն արժանացել է բազմաթիվ շքանշանների ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում, այդ թվում՝ Վրաստանի վաստակավոր արտիստ է և Շոթա Ռուսթավելու պետական մրցանակի դափնեկիր:
«Վերդիի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանման համար» Զուրաբ Սոտկիլավան ընտրվել է երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ: