Վրաստանի սննդի ազգային գործակալությունը սեպտեմբերի 20-ից երկրի հանրային դպրոցների ճաշարաններում ստուգումների նոր փուլ է սկսում: Այս մասին «interpressnews.ge»-ին տեղեկացրել է սննդի ազգային գործակալության պարենային անվտանգության ծառայության ղեկավար Գիորգի Միքաձեն:Նրա խոսքով՝ դպրոցների սննդի կետերում ստուգումները կանցկացվեն մի քանի փուլով: Առաջին հերթին ստուգումներ կիրականացվեն սննդի այն կետերում, որոնք ազգային գործակալության գնահատմամբ առավել վտանգավորների ցանկում են:
«Մենք ունենք ռիսկերի գնահատման էլեկտրոնային ծրագիր, որը, հիմնվելով սահմանված բաղադրիչների վրա, գնահատում է բիզնես օպերատորների ռիսկերը: Վերջիններս գնահատելու 4 բաղադրիչ ենք ընտրել։ Ստուգումները կսկսվեն ամենաբարձր միավոր ունեցող դպրոցներից։ Այնուհետև կանցնենք միջին և ցածր ռիսկ ունեցող բուֆետներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում կսահմանվեն տուգանքներ»,-ասել է Միքաձեն:
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում դպրոցների սննդի կետերից լաբորատոր փորձաքննության նմուշներ ևս կվերցվեն:
Գործակալության տեղեկատվությամբ՝ ամռանը ստուգումներ են իրականացվել Վրաստանի շուրջ 108 դպրոցների բուֆետներում: