Մայիսի 5-ին վրաստանյան մամուլում առավելապես խոսվեց Գիորգի Վաշաձեի` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռանալու մասին:
«kvira.ge» կայքի փոխանցմամբ` պատգամավորը կուսակցությունից հեռանալու մասին հայտարարություն է արել երկրի Խորհրդարանում` նշելով, թե Միացյալ ազգային շարժում կուսակցությունից նոր նախաձեռնությունների է սպասել, ինչը տեղի չի ունեցել, իսկ կուսակցությունը դարձել է փակ դռների ետեւում որոշումներ կայացնող մի համակարգ: Գիորգի Վաշաձեն նաև հայտարարել է նոր քաղաքական շարժում ստեղծելու մասին: Անդրադառնալով Վաշաձեի կուսակցությունից հեռանալուն` Վրաստանի նախկին նախագահ, Միացյալ ազգային շարժում կուսակցության նախկին ղեկավար, ներկայում` Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարություն է տարածել. «Ինձ թվում է, որ «Միացյալ ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության առանձին անդամների ժամանակ առ ժամանակ աղմկոտ ելքը, սկզբից մինչև վերջ օլիգարխ Իվանիշվիլիի խաղն է: Սա ուշադրություն շեղելու և մեր բազմաթիվ կողմանկիցներին շփոթության մեջ դնելու փորձ է: Իվանիշվիլին համոզվել է, որ «Ազգային շարժումը» չի ոչնչանա կամ` փլուզվի, այդ պատճառով նա ֆինանսական և այլ միջոցներ օգտագործելով, առանձին անհատների եւ նորանոր քաղաքական շարժումներ ֆինանսավորելով, հիմնական ընդդիմադիր կենտրոնը թուլացնելու փորձեր է անում» ,- հայտարարել է Սահակաշվիլին:
Օրվա վրաստանյան մամուլում ոչ պակաս խոսվեց նաև վրաց-ամերիկյան զորավարժությունների՝ «պատվավոր գործընկեր 2016»-ի մասնակիցների համար նախատեսված ռազմական ավտոմեքենաների Վրաստան ուղարկելու մասին: Ռազմական տեխնիկան արդեն գտնվում է Վրաստանի Վազիանի բնակավայրում գտնվող ռազմաբազայում, որոնք համալրում են «M1 A2» տիպի 8 տանկ, 7 հետևակային մարտական մեքենա, մեկ էվակուացիոն մեքենա և 3 «Համմեր» տիպի ամենագնաց: ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինտեխնիկան Բուլղարիայի Վառնա նավահանգստից` լաստանավով տեղափոխվել է Վրաստան: Վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում անց են կացվում արդեն երկրորդ անգամ: Զորավարժությունների սցենարը հիմնված է հարձակումից պաշտպանվելու գործողությունների վրա: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեն լրագրողներին հայտնել է, թե զորավարժությունները շատ բարդ կլինեն և կողմերի համար լավ փորձ ձեռք բերելու հնարավորություն կընձեռեն, իսկ ամերիկյան ծանր զինտեխնիկան հնարավոր է մասնակցի նաեւ Վրաստանի անկախությանը նվիրված միջոցառումներին:
Զորավարժություններին է մասնակցելու 1.300 զինծառայող, այդ թվում 650 ամերիկացի, 500 վրաստանցի և150 բրիտանացի, տեղեկացնում է «interpressnews» պարբերականը: «Frontnews» լրատավական կայքի փոխանցմամբ`Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, մայիսի 5-ին հանդիպել են Վրաստանում պաշտոնական այցով գտնվող` Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի համազեկուցողներ Բորիս Սիլևիչին և Կերստին Լունդգրենին: Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը: Կողմերը խոսել են նաև Եվրախորհրդարանի առջև ստանձնած պարտավորությունների և հոկտեմբերին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին: Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն:
Զուգահեռաբար, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, նախագահը Եվրախորհրդի առաքելության ներկայացուցիչներից շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի անդամ երկրների նախարարների տեղակալների կոմիտեի բանաձևի համար, որտեղ Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում մարդու իրավունքների խախտումներն է արձանագրվում և Ռուսաստանի դաշնությանը պարտավորեցնում պաշտպանել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ազգությամբ վրացիների իրավունքները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև նախընտրական շրջանում ԶԼՄ-ների վիճակի և Վրաստանի կողմից Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու մասին:
Իր մի հայտարարությունում, վրաստանցի քաղաքագետ Վաժա Բերիձեն առաջարկել է «Թբիլիսի Մարիոտ» հյուրանոցի պատերից մեկին հուշատախտակ տեղադրել, որտեղ նշվում է, որ այդ շենքը կառուցել է հայ անվանի վաճառական Միքայել Արամյանցը: Բերիձեն գտնում է, որ Վրաստանի պետականության զարգացման գործում հայերի ավանդը բավարար գնահատված չէ: Քաղաքագետի խոսքերով` հայ-վրացական հարաբերությունները վերադասավորության կարիք ունեն.
«XIX- XX դդ. Թբիլիսիի շատ ուշագրավ շենքեր կառուցվել են հայերի կողմից: Լավ կլինի հեղինակների անունները արձանագրվի այդ շենքերի պատերին: Օրինակ, «Թբիլիսի մարիոտ»-ի պատին ցուցատախտակ տեղադրվի, որտեղ կասվի, որ այդ շենքը նախկինում եղել է «Մաժեստիկ» հյուրանոցը, և որ այն կառուցել է հայ հայտնի վաճառական Միքայել Արամյանցը, իսկ շենքի ճարտարապետը Գաբրիել Տեր-Միքայելյանն է: Վրաց պետականության զարգացման մեջ գնահատված չէ հայերի ներդրումը: Եթե մենք այսպես գնահատենք եղբայրական ժողովրդի կողմից իրականացված աշխատանքը, ապա չեմ կարծում, որ երկրորդ կողմը ավելի ըմբռնումով վերաբերվի մեզ, այդ թվում այնպիսի դժվար հարցերում, ինչպիսին է եկեղեցիների և վանքերի պատկանելիության հարցը»,— տեղեկացնում է «kvira.ge»-ն:
Միևնույն պարբերականի տեղեկատվությամբ` 180 փախստական ընտանիք, Մցխեթայում և Գորիում կստանա սեփականություն: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության համաձայն`նշված ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Վարչապետի խոսքերով` արդեն 11.645 ընտանիք ապահովված է մշտական բնակարաններով: