Արթուր Սողոմոնյանը, չնայած առաջին օրն է դպրոցում, սակայն արդեն հստակ գիտի՝ սիրելի առարկան ֆիզկուլտուրան է: Նրա ծնողները դպրոցի ընտրության հարցում երկրորդ տարբերակ չունեին: Մետրոմշենի թաղամասի թիվ 103 դպրոցի հայկական հատվածն այս տարի 10 աշակերտ ունի: Ավելի շատ հայ աշակերտ ունի նույն դպրոցի վրացական սեկտորը՝ 13 աշակերտ:
Դպրոցի փոխտնօրեն, հայկական բաժնի վարիչ Հասմիկ Պապիկյանը բացատրություն չի գտնում՝ ինչու են ծնողները նախապատվությունը տվել վրացական կրթությանը, ասում է՝ իրենց դպրոցում վրացերենի ու բոլոր առարկաների ուսուցման մակարդակը չի զիջում վրացականից: Դպրոցը ոսկե մեդալակիրներ է ունեցել, շրջանավարտները հաջողությամբ ընդունվում և սովորում են մայրաքաղաքի բուհերում:
«Այս տարի էլ մենք ծնողների հետ մեծ աշխատանք ենք տարել, սա հայախոս թաղամաս է, փորձել ենք հորդորել, որ երեխաներին հայկական սեկտոր ուղարկեն, բայց միշտ վերջին խոսքը եղել է ծնողինը»,-ասում է Հասմիկ Պապիկյանը:
Թիվ 103 դպրոցը վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել այս տարվա հունվարին: Դպրոցի հայկական մասն այս պահին 105 աշակերտ ունի: Այս տարի չունի 4-րդ և 6-րդ դասարաններ, դպրոցի հայկական մասի համար չի հնչի նաև վերջին զանգը. դպրոցական տարին մեկնարկեց առանց 12-րդ դասարանցիների: