Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի վերջին` 26-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918-ին թվականին ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1918/01/5 #4
Խառնաշփոթ Ախալցիխեում
Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին լուրեր են տարածվել, թե 15 հազար զինված մահմեդական հարձակվել է քաղաքի վրա՝ բերդ-ամրոցը գրավելու նպատակով: Ժողովուրդը վախեցած է: Զենք օգտագործել կարողացողները, 5000-ից ավելի մարդ, Ջ.Կ. գործադիր հանձնաժողովի նիստ է հրավիրել, պահանջել հրացաններ, հակառակ դեպքում ասել են, որ զինանոց կներխուժեն և զենքը կվերցնեն: Հանձնաժողովը հրացաններ է բաժանել միայն բանակից ազատվածներին: Բնակիչներն անցել են իրենց ունեցվածքի, գույքի պաշտպանության գործին և կոտորվելուց խուսափելու նպատակով՝պատրաստ են փախուստի դիմել: Իրոք, քաղաքից 8 մղոն հեռավորությամբ՝ Բորջոմիի մայրուղու վրա, հավաքվել են մի քանի հազար զինված մահմեդական: Զենք չունեցողները կացիններով և երկաթե մահակներով են զինված եղել:
Քաղաքաբնակների և մահմեդականների միջև պատվիրակների այցեր են տեղի ունեցել: Ըստ տարածված լուրերի, մահմեդականները պահանջում են ամրոցն ու զինանոցը հանձնել իրենց: Դեկտեմբերի 28-ին նույն վիճակն է տիրել, քանի որ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել: Բնակիչներն առավոտյան սպասել են թշնամու հարձակմանը, այդ պատճառով, ինչպես ամրոցը, այնպես էլ քաղաքի ծայրամասային փողոցները զինված բանակայինների և քաղաքի բնակիչների կողմից պաշտպանվելիս է եղել: Բերդ-ամրոցում նաև 10-15 ականանետ են տեղադրել: Այդ գիշեր բնակիչները պատրաստ սպասել են հնարավոր արհավիրքի:
Գիշերն անցել է հանգիստ: Երկրորդ առավոտյան մի քանի կողմից թշնամին մոտեցել է քաղաքին և ժամը 11-ին կրակ բացել: Ամրոցից նույնպես լսվել են ականանետերի և հրացանների ձայները: Եկեղեցիների զանգերը նույնպես ղողանջել են՝ խառնվելով վախեցած կանանց ու երեխաների լաց ու կոծի սարսափելի պատկերին: Կրակն անկանոն էր երկու կողմից էլ, քանի որ ղեկավարները մասնագետներ էին և վեր ու վար էին կրակում: Սկսվեց մոտակա հայկական Քկղուրթի և Ծիրի գյուղերից փախուստի դիմած, աճապարելուց ոտաբոբիկ և մերկ մնացած կանանց և երեխաների հետապնդումը: Հասավ սադրիչների ժամը: Նրանք ավելի էին գրգռում և վախեցնում` առանց այդ էլ սարսափած ժողովրդին: Ասում էին. ամբողջությամբ կոտորել են ծկղուրթեցիներին, փամաջեցիներին, այլոցիներին (հայկական գյուղ է) և այլն: Իսկ իրականում գյուղերում ոչինչ տեղի չէր ունեցել: Այս լուրերի պատճառվ հուզված հայերն ու վրացիները հասել են զինանոցին՝ զենքին տիրանալու նպատակով: Զինանոցի ղեկավարը հանգստացնում էր ահաբեկված ժողովրդին՝ սպասեք, երբ անհրաժեշտ կլինի մենք ինքներս կբաժանենք: Իսկ հիմա թշնամին ոչինչ չի պատրաստում և զենքի անհրաժեշտություն չկա: Կրակը տևեց 3-4 ժամ: Զոհեր չեն եղել, բացի երկու վիրավոր հայ զինվորից:
Ինչպես տեղեկացանք, Թբիլիսիի կոմիսար Ռամիշվիլին գոհ չէ մահմեդականների ուղարկած պատվիրակությունից: Մահմեդականները պահանջում են պաշտպանության համար իրենց էլ զենք տալ զինանոցից: Կոմիսարը զենքից օգտվելու թույլտվություն է տվել հետևյալ պայմանով. զինանոցից զենք կբաժանվի առաջին հերթին զինվորներին, այնուհետև, եթե ավելանա, բոլոր ժողովուրդների հետ մեկտեղ զենք կտրվի նաև մահմեդականներին՝ համամասնության սկզբունքով: Որոշումը բավարարել է մահմեդականների պատվիրակությանը և վերադառնալուն պես կրակը դադարել է պատերազմի դաշտում: 29-ի առավոտը խաղաղ էր, չնայած պաշտպանության բանակն իր տեղում է եղել: Սադրիչները դեկտեմբերի 29-ին տարբեր սարսափելի պատմություններ էին պատմում: Ասում էին՝ ահա թաթարները կրկին գալիս են և կկոտորեն արդեն փոքր ինչ խաղաղված ժողովրդին: Իրավիճակը խաղաղ էր մինչև դեկտեմբերի 29-ի կեսօր և որևէ կոտորած կամ սպանություն չի եղել:
Վրաստան 1918/01/11 #8
Հայ փախստականները
Ինչպես պարզվել է, հայ փախստականների թվաքանակը հետևյալն է.
Երևանի գուբերնիա – 117.287
Կարսի շրջան – 14.234
Գյանջայի գուբերնիա – 7.060
Թբիլիսիի գուբերնիա – 1.397
Բաթումիի շրջան – 3.034
Բաքվի շրջան– 2.120
Վանի շրջան – 23.261
Բաշկղալի շրջան – 1.809
Բայազեթի շրջան– 8.500
Անիի շրջան – 14.140
Ղարաքիլիսայի եւ Ալաշկերտի շրջաններ – 15.000
Խորասանի շրջան – 12.234
Արզրումի շրջան – 4.676
Բայբուրթի շրջան — 637
Էրզինջանի շրջան – 1.193
Տրապիզոնի շրջան — 696
Ուրմիայի շրջան – 1.010
Խոյի շրջան – 612
Դիլմանի շրջան – 3.118
Թավրիզի շրջան — 992
Ընդամենը` 228.110 մարդ:
Վրաստան 1918/01/16 #12
Լեհերն ու հայերը
Կարսից Հայկական ազգային խորհրդին տեղեկացնում են, որ տեղի լեհերը հայերին խոստացել են լեհական զորագունդ ուղարկել Կարս:
Հայերի մոբիլիզացիայի հարցը
Ջալալօղլիի և Գարգառի հայերը մոբիլիզացիայի հարցում բաժանվել են երկու խմբի՝ մի մասը միացել է դաշնակցականներին և գրանցվել բանակում, մյուս մասը՝ իրենց բոլշևիկ են հայտարարել և դեմ գնացել մոբիլիզացիային: Հայոց ազգային խորհրդին հեռագրով տեղեկացնում են, որ Երևանի գուբերնիայում և Կարսի մարզում նույնպես մոբիլիզացիա է ընթանում: Հավաքագրում են բոլոր զենք օգտագործել կարողացողներին:
Հայոց ազգային խորհրդի անդամներ են ընտրվել. էսէռներից՝ Աթաբեգյան, Տեր-Ոգանյան, Ժողովրդական կուսակցությունից՝ Ավազյան, Արութունով, դաշնակցականներից՝ Պարոնյան, Ակբալյան, Գյուլխանդարյան, Կարճիկյան, Գաբազյան, Տեր-Մինանյան, անկուսակցականներից՝ Բեգզադյան, Զաքարյան, Մամիկոնյան, մենշևիկներից՝ Էրզկյան և Տեր-Ղազարյան:
Վրաստան 1918/01/19 #15
Վերջին հեռագրերը
Երևանից տեղկացնում են, որ Սուրմալիի և Նախիջևանի մարզերում կողոպուտը շարունակվում է: Շատ սպանվածներ կան: Իգդիրից տեղեկացնում են. քրդերը հարձակվել են գանձարանային տրանսպորտի վրա, գողացել մեծ քանակությամբ հաց: Սպանվել է մի քանի զինվոր: Բայազետի, Մոզունի և Էջմիածնի միջև երթևեկությունը դադարեցվել է: Կողոպուտն ու սպանությունները շարունակվում են:
Վրաստան 1918/01/20 #16
Նոր Բայազետից պարոն Օնս Չխենկելին տեղեկացնում է. անարխիա է տիրում, ամենուր կողոպուտ և կոտորած է, մի գյուղը հարձակվում է մյուսի վրա, կառավարությունն անգործության է մատնված: Ճանապարհին խաղաղ բնակչության երթևեկությունը դադարեցվել է: Հեռագրեր այլևս չեն գալիս:
Ինչպես տեղեկացնում են Անդրկովկասի կոմիսարիատին, Բաքվի երկաթգծի վիճակը գնալով վատթարանում է: Կայարանների և գնացքների վրա անընդհատ հարձակվում են Արարատի քրդերը: Ճանապարհները պաշտպանող չկա: Կոմիսարիատից խնդրում են որևէ ազգային արշավախմբի մի մաս ուղարկել՝ ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Վրաստան 1918/01/24 #19
Վերջին հեռագրերը
Անդրկովկասի կոմիսարիատից Արարատ կայարանից հեռագրով տեղեկացնում են, որ դեպի կայարան և Դավալու գյուղին են մոտենում շուրջ 6 հազար քուրդ: Արարատ կայարանից Անդրկովկասի կոմիսարիատին տեղեկացնում են. Կայարանի մոտակայքում կրակոցներ են, պահակները փախել են: Աշխատակիցները վախեցած են, պատրաստ են առաջին իսկ գնացքով հեռանալ:
Ուլուխանլիից (ներկայիս՝ Մասիս) Անդրկովկասյան կոմիսարիատին տեղեկացնում են, որ Արազդայանի (այժմ՝ Երասխ) կայարանի մոտակայքում քրդեր են հավաքվել: Ժողովրդին թալանել են և բորբոքել: Սպառնում են լեռնային շրջաններին: Մի քանի միլիոն արժողությամբ գույքը ոչնչացվում է:
Վրաստան 1918/01/24 #19
Զինված հարձակում
Հունվարի 22-ի երեկոյան ժամը 8-ին, վեց զինված անձ ներխուժել է «Северный Номер», Կարսից ժամանած վաճառական Ջամբազյանի սենյակ, գողացել 60 հազար մանեթ արժողությամբ իրեր և թաքնվել: Հարձակվողներից մեկը սպայի հագուստով է եղել:
Օգնություն արշավված գյուղերին
Հայկական բարեգործական կազմակերպությունը 10 հազար մանեթ է ուղարկել Նուխի մարզում վերջերս արշավի ենթարկված 11 գյուղերի բնակիչներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելության, օգնելու համար:
Վրաստան 1918/01/25 #20
Վերջին հեռագրերը
Արարատ կայարանից (հունվարի 23-ի ամսաթվով երկաթգծի գործակալ Չիտաշվիլի) Անդրկովկասի կոմիսարիատին հեռագրով տեղեկացնում են. կոտորածն ու կողոպուտը հաճախակի են դարձել: Տեղի բնակիչները թաքնվում են սարերում: Կայարանի աշխատակիցներին զսպում էին մինչ այս, սակայն հիմա անհնար է նրանց ետ պահել: Խնդրում ենք փակել Արարատ կայարանը: Շտապ գնացք ուղարկեք Ուլուխանլի՝ աշխատակիցների և պետական գույքը տեղափոխելու համար:
Վրաստան 1918/01/28 #23
Հայերի մոբիլիզացիան
Օսմանյան հայերի մոբիլիզացիան լավ է ընթանում: Գրեթե բոլորն ուրախությամբ գրանցվում են հայկական ազգային ստորաբաժանումներում:
Վրաստան 1918/03/4 #48
Արդահանից հեռագրով տեղեկացնում են. Օսմանցիների հարձակումը ծայրահեղ իրավիճակ է ստեղծել ողջ շրջանի բազմաթիվ քրիստոնյա բնակիչների համար: Քանի որ օգնության և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար բազմաթիվ տեղեր են դիմել, սակայն անարձագանք է մնացել, փախչում են այստեղից:
Վրաստան 1918/03/8 #51
Արդահանի լուրերը
Կառավարության ղեկավար Է. Գեգեչկորին կարդում է Արդահանում տեղի ունեցածի մասին պատմող հեռագրերը: Մի քանի գյուղ և հենց Արդահանը շրջապատված է զինված մահմեդականներով, ովքեր սպառնում են կոտորել տեղի քրիստոնյաներին: Գեգեչկորին նաև նշում է, որ Գումբարի ադմինիստրացիան առանց կառավարության հետ համաձայնեցնելու և իրավունք ստանալու հայկական զորք է ուղարկել Մոլլամուսա (այժմ՝ Ոսկեհասկ) և մահմեդական այլ գյուղեր՝ կրքերը հանգստացնելու համար:
Արդահանի լուրերի առիթով խոսքի իրավունք է վերցնում Ալ. Լոմթաթիձեն․ «Մի խնդիր կա, որի վրա ցանկանում եմ սևեռել Սեյմի ուշադրությունը: Անդրկովկասի ժողովրդավարությունը հեղափոխական կազմակերպություն է և պատվիրակությունների անունով ու միջոցով միայն մեկ նպատակի համար է ընդլայնում գործընթացը, այդ նպատակը զինադադարն է, որն Անդրկովկասի բնակչությանը խաղաղություն և հանգստություն կբերի»:
Վրաստան 1918/03/9 #52
Փախստականները
Կարսից Թբիլիսի է եկել 500 փախստական:
Հայ դասալիքները
Վերջին օրերին Հայոց ազգային խորհրդին կից դասալիքների դեմ պայքարող հանձնաժողովը մի քանի հարյուր դասալիք է ձերբակալել: Նրանց ուղարկել են ճակատ:
Վրաստան 1918/03/10 #53
Օգնություն փախստականներին
Սեյմն ընդունել է նաև դաշնակցականների և մահմեդականների առաջարկը, որի համաձայն՝ մահմեդական փախստականների համար պետք է հատկացվի 1 միլիոն մանեթ:
Վրաստան 1918/03/11 #54
Սարիղամիշի իրավիճակը
Կորպուսի ղեկավար գեներալ Նազարբեգովն Անդրկովկասի կոմիսարիատին տեղեկացնում է. «Այժմ Սարիղամիշը լի է փախստականներով և թանկարժեք գույքով, ինչն անհրաժեշտ է դուրս բերել: Միևնույն ժամանակ, վագոնների բացակայության պատճառով դա անհնար է: Խնդրում ենք, անհապաղ հրաման արձակել՝ հնարավորինս շատ վագոններ ուղարկել հենց հիմա: Մի քանի միլիոնանոց կարևոր գույքը հնարավոր է ընկնի թշնամու ձեռքը:
Վրաստան 1918/03/11 #54
Արդահանի իրավիճակը
Մարտի 8-ի ամսագրով Անդրկովկասի կոմիսարիատին տեղակացնում են. փետրվարի 8-ին փոստային կապը դադարեցվել է: Կարսի հեռագրատունն այլևս չի աշխատում: Ճանապարհները փակված են: Գանձարանում գումար չկա: Ամբողջ շրջանում պայքարի կրակ է վառվում: Արդահանում իշխանությունը մահմեդականների ձեռքում է: Հայկական ռազմական ստորաբաժանումները զենք են ձեռք բերել: Քրիստոնյաները փախչում են: Իրավիճակը սարսափելի է: Խնդրում ենք անհապաղ հրամայել՝ տեղափոխել գանձարանը:
Վրաստան 1918/03/15 #57
«Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ մարտի 11-ին Իգդիրում փախստականների թիվը հասել է 22 հազարի։Նրանց դժբախտություններին ավելանում է նաև վատ եղանակը: Մեծաթիվ փախստականներ են գալիս նաև Սուրմալուի մարզից: Երևանից ստացած տեղեկությունների համաձայն՝ Խալ-Լուխրանի շրջան են ներխուժել թաթարներ: Իրավիճակը լուրջ է:
Վրաստան 1918/03/15 #57
Օսմանյան կայսրությունն ու Անդրկովկասը
Ն. Ռամիշվիլին ընկերների հետ խոսելու ժամանակ Օսմանյան կայսրության և Անդրկովկասի մասին հետևյալ հայտարարությունն է արել. Օսմանական պատվիրակության վերաբերմունքը չի փոխվել։ Մեր պատվիրակությունը հայտարարել է, որ Բրեստ-Լիտովսկում կնքված հրադադարի պայմանագիրը որևէ ուժ չունի: Օսմանական պատվիրակները պատասխանել են, որ կտեղեկացնեն իրենց կառավարությանը և հրահանգներ են խնդրել: Հրահանգների ընդունման վերջնաժամկետը երեկ էր:
Ինչպես երևում է պատվիրակները համաձայնություն չեն ստացել: Նաև Անդրկովկասի անկախության հռչակումը նրանց չստիպեց հրաժարվել Կարսի, Բաթումի և Արդահանի շրջաններից: Մասնավոր զրույցի ժամանակ նա ուղիղ հայտարարել է. «միեւնույն է, Անդրկովկասն այնքան թույլ է, որ չի կարող պահպանել այս շրջանները»:
Օսմանյան Հայաստանի ստեղծման գործն օսմանցիները համարում են իրենց ներքին հարցը և Անդրկովկասի` այս հարցի ներգրավման դեմ բողոք են հայտնում: Օսմանցիները մեր ճակատում երկու զորամիավորում ունեն (մոտ 8 հազար մարդ)։ Բացակայում են 3 հարյուրը: Նրանց ասում են, որ տանում են ոչ թե կռվի, այլ դատարկված շրջանները պահելու համար: Մեր նավատորմն արդեն պատրաստ է: Հույս ունենք, նոր ռազմական նավեր կստանանք: Բաթումին պատրաստվում է պաշտպանության: Մոբիլիզացիա է հայտարարվել մինչև 40 տարեկանների համար: Օզուրգեթիի շրջանը մոտ 10 հազար մարդ է տալիս: Լյախովի նշանակման հարցը հանված է օրակարգից:
Վրաստան 1918/03/15 #57
Ախալցիխեում
Մարտի 12-ին գեներալ Արջևանիձեն տեղեկացրել է, որ գտնվում է Ախալցիխեում: Աբասթումանից այստեղ են եկել կարմիր գվարդիականները և իրավիճակը գնալով լավանում է: Ձերբակալված բոլոր մահմեդականներին ազատ են արձակել: Նույն տեղից մարտի 12-ին շրջանի բանակի պետ Մաղլակերիձեն տեղեկացնում է. Ախալցիխեի վրա թաթարները պատրաստվում են հարձակվել: Կոչ ենք անում մահմեդականների ազգային խորհրդին՝ դուրս գալու իրավունք տալ, սակայն պատասխանի չենք արժանացել: Սոված են, ծարավ են, ժանտախտը հաճախակի է դարձել: Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որ չմահանանք:
Վրաստան 1916/03/20 #61
Հարևան ժողովուրդների տրամադրությունները
Ինչ վերաբերում է հարևան ազգերի տրամադրվածությանը, պետք է նշենք, որ Սեյմում թաթարները պաշտոնպես հայտարարել են. «Մենք Օսմանյան կայսրության դեմ չենք կարող գնալ, իսկ դուք հույս ունեցեք, որ ձեզ նույնպես չենք դավաճանի և չեզոքություն կպահպանենք»: Հարցին, կարո՞ղ են արդյոք մեզ երաշխիք տալ, որ իրենց ժողովուրդը մեր դեմ դուրս չի գա` պատասխանեցին, որ նման երաշխիք չեն կարող տալ, քանի որ հնարավոր է ժողովուրդը չլսի իրենց: Մասնավոր զրույցի ժամանակ մահմեդականները հայտարարել են. եթե մենք պատերազմի դեմ ենք, դուք չեք կարող պատերազմ սկսել, դուք էլ պիտի դեմ լինեք:
Ճակատի պաշտպանությունը
Ինչպես երևում է, ճակատի պաշտպանությունը ստիպված ենք երկու ուժով իրականացնել՝ վրացիների և հայերի: Հնարավոր է մեզ օգնեն նաև ռուսներն ու հույները: Մենք պետք է պաշտպանենք Բաթումիի շրջանը: Պետք է նշել, որ Բաթումիի շրջանի բնակիչներին շատ են վախեցրել սպասվելիք իրադարձությունները: Գուրիայի ողջ շրջանը ոտքի է կանգնել: Որոշ գյուղերից դատավճիռներ են կազմում և ամբողջովին գալիս են՝ բանակին միանալու նպատակով: Այսօր անհրաժեշտ է պատրաստվել միայն բանակին: Իմ՝Բաթումիում եղած ժամանակահատվածում բանակի ներկայացուցիչները հաճախ էին գալիս եւ խնդրում առաջնորդել իրենց: Այս հանգմանքներին մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև ռազմական տեսանկյունից: Այժմ հույսներս կապում ենք նաև Վրաստանի բանակի գլխավոր հրամանատար Գաբաշվիլիի հետ: Հույս ունենք նա կարող է իրագործել այս գործը:
Վրաստան 1918/04/1 #71
Արդահան
«Кавказское слово»-ի խմբագրությանը ամալբաշիկները Ախալցիխեից տեղեկացնում են.
Այժմ Արդահանի երկու հայ փախստական է եկել: Մեզ պատմեցին կոտորածի մասին: Երեխաներին և հղի կանանց սպանում են: Փողոցները լի են դիակներով: Մի քանի հազար մարդուց փրկվել են միայն մի քանիսը: Մատիրիանը հետևյալն է փոխանցում․ «Արդահանում կոտորածի ժամանակ եղել են՝ Կարատարովը, Ջաղալբեգը և Ասլան բեգ Աճարացին, Բուղշադբեք Աբաշիձեն: Կոտորածին մասնակցում էին մահմեդական զինվորներ: Կանանց` իրենց իսկ տղամարդկանց աչքի առաջ մերկացնում և բռնաբարում էին: Առավել գեղեցկատեսներին տանում էին իրենց հետ: Նրանցից շատերը խելագարվել են: Երբ լսեցին Աբդուլի օսմանցիների մոտենալու մասին, Ջելալ բեգ Աճարացին նրանց միացավ զորքով: Մահմեդականների ղեկավարներ Խավիզտիկանելը, Կղարաբարովը և Աբաշիձեն կարգապահության կոչ էին անում: Սպանվել է մոտ 2 հազար մարդ»:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը: