Հասարակական կազմակերպություններից և փորձագետներից կազմված նախաձեռնող խումբը Վրաստանում ռուսական հեռուստաալիքներն արգելելու կոչով դիմել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, Խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլիին և հաղորդակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Վախթանգ Աբաշիձեին:
Խումբը պահանջում է սահմանափակել ռուսական քարոզչության աղբյուրները.
«Հիբրիդային պատերազմի ռազմավարության կարևոր բաղադրիչը Վրաստանի դիմաց տեղեկատվական պատերազմն է, որի գլխավոր նպատակը նեգատիվ և մերժողական վերաբերմունքի ձևավորումն է: Պարզից պարզ է, որ ռուսական քարոզչությունը փորձում է Վրաստանում ստեղծել այնպիսի հասարակական տրամադրվածություն, որը հնարավորություն կտա ղեկավարել քաղաքական գործընթացները` հանրային կարծիքի վրա ազդելով»,-նշված է հայտարարության մեջ, որտեղ թվարկված են նաև ռուսական այն հեռուստաընկերությունները, որոնք Կրեմլի համար զենք են` տեղեկատվական պատերազմում.
Первый канал, РТР-ПЛАНЕТА, Россия 24, НТВ Мир, TVCI, Россия 1, НТВ, ТНТ, Петербург 5, Звезда, Рен-ТВ, Russia Today. նշված ալիքների հեռարձակումն Ուկրաինայում արդեն դադարեցվել է: 2014-ին Россия 24-ի հեռարձակումն արգելվեց Մոլդովայում: