«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողները, ովքեր լուսաբանում էին Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա վերադարձը, գիշերն անցկացրել են Շեգինի անցակետի ոստիկանության բաժանմունքում: Ուկրաինայի ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներից բացատրություններ են պահանջել նկարահանված նյութի և զարգացումների հետ կապված:
«Ռուսթավի 2»-ի նկարահանող խումբն օգտվել է լռության իրավունքից:
«6 ժամվա ընթացքում Թամար Բաղաշվիլին, Թոմա Չագելիշիվիլին, Գիորգի Չիկվլիձեն, Դավիթ Մաիսուրաձեն ու Գիորգի Չադունելին չեն կարողացել լքել անցակետի տարածքը: Հեռուստաընկերության փաստաբաններին գործընթացներին ներկա գտնվելու իրավունք են տվել միայն 4 ժամ անց: Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հատուկ արձանագրությամբ դիմել են դատարան, որպեսզի սահմանի ապօրինի հատման մեղադրանքով ենթադրվող վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, համապատասխան որոշում կայացնեն «Ռուսթավի 2»-ի նկարահանող խմբի հանդեպ։ Դա ենթադրում է վարչական ազատազրկում կամ տուգանք: Գործընթացներն անցնելուց հետո, նկարահանող խումբը ազատ է արձակվել, նրանց գույքն ամբողջովին վերադարձվել է»,- տեղեկացնում է հեռուստաալիքը: