«Միացյալ ազգային շարժումը» «Եվրոպական Վրաստան»-ին մեղադրում է Գուրջանիում իրենց թեկնածուի վրա ճնշումներ գործադրելու մեջ:
«Միացյալ ազգային շարժման» տարածաշրջանային գրասենյակից հայտարարել են, թե «Եվրոպական Վրաստան»-ի գրասենյակի ղեկավար Գիորգի Ղվինիաշվիլին իրենց կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուի վրա ճնշումներ է իրականացրել:
Խոսքը Չալաուբնի գյուղի պատգամավորության թեկնածու Մակա Փրիդոնաշվիլիի մասին է։ «Ազգային շարժման» պնդմամբ՝ վերջինիս Ղվինիաշվիլին և տեղի դպրոցի տնօրենը ստիպել են հրաժարվել թեկնածությունից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կզրկեն նրա մորը դպրոցում աշխատելու իրավունքից:
«Գիորգի Ղվինիաշվիլին զանգահարել է մեր թեկնածուին՝ փորձելու փոխել որոշումը: Ավելի ուշ Մակային սպառնացել է՝ եթե թեկնածությունը չհանի, հնարավոր է, Չալաուբնի գյուղի դպրոցից աշխատանքից ազատվի մայրը: Զրույցի ավարտից րոպեներ անց Մակային զանգահարել է նաև դպրոցի տնօրենը: Իմ կարծիքով, այս զանգերը պատահականություն չեն: «Եվրոպական Վրաստանն» ու նրա առաջնորդները իշխանության հետ միասին համաձայնեցված են գործում»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» Գուրջանիի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեմուր Բուծաշվիլին:
Interpressnews-ի փոխանցմամբ՝ Գիորգի Ղվինիաշվիլին հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մակա Փրիդոնաշվիլիի հետ, սակայն, հերքել է ճնշումների մասին լուրերը:
Նշենք նաև, որ «Եվրոպական Վրաստան»-ը ձևավորվել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած գործիչների նախաձեռնությամբ։