«Վրացական քայլերթը» ներկայացրել է վաղը՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք բողոքի ակցիան: Շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն ասել է, որ իրենք բողոքարկում են իշխող «Վրացական երազանքի» կողմից Վրաստանի հողերն օտարերկրացիներին վաճառելու գործողությունները: Ըստ նրա՝ կուսակցությունը խաբեությամբ ապօրինի գործարքների միջոցով փորձում է վաճառել և փոխանցել վրացական հողն օտարներին: Կազմակերպությունը սպառնում է մեծամասշտաբ ակցիաներով և «մահացու» հացադուլով:
«Վաղը ժամը 18:00-ին «Ռուսթավելի» մետրոյի մոտից կսկսվի երթը դեպի «Վրաստանի բաց հասարակության» գրասենյակ, ուր և կանցնի ակցիան: Դրանից հետո երթը կտեղափոխվի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբի տարածք: Իշխանությունները խախտել են խոստումը»,-ասել է Բրեգաձեն:
Ըստ նրա՝ վաղը «Վրացական քայլերթը» նախազգուշական ակցիա կանցկացնի, որից հետո իրենք չեն խուսափելու ծայրահեղական քայլերից:
«Մեր քայլերը կտրուկ են լինելու, մեկ շաբաթվա ընթացքում ծրագրում ենք ակցիաներ՝ Աղմաշենեբելիի պողոտայից դեպի դեպի կառավարության նստավայր, ուր կշրջապատենք շենքը, չենք թողնի նախարարներին և 500 մարդ մահացու հացադուլ կսկսի»,-ասել է Բրեգաձեն: