Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևի հրամանագրում մասնավորապես ասված է․ «առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109 հոդվածի 22-րդ կետով՝ որոշում եմ․
Պատժի կրումից ազատել Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին (1976թ․ ծ․), որը դատապարտվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2017թ․ հուլիսի 20-ին»։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 20-ին Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի դատապարտել է երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Դատախազն ավելի վաղ պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում։
Մեղադրական ակտից հանվել է 281.2-րդ հոդվածը (պետության դեմ ուղղված կոչեր)։ Դատարանում նշել են, որ քննչական միջոցառումների ընթացքում տվյալ մեղադրանքը չի հաստատվել։ Արդյունքում Լապշինը դատապարտվել է 318.2-րդ հոդվածով՝ (պետական սահմանի ապօրինի հատում)։
Ալեքսանդր Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Բաքու կատարած իր այցելությունների մասին բլոգում քննադատական կարծիքներ է հայտնել Ադրբեջանի մասին։
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նրա դեմ հարուցված էին քրեական գործեր։ Այս տարվա փետրվարին Բելառուսը բլոգերին արտահանձնել էր Ադրբեջան։
Նյութի աղբյուր՝ Civilnet.