«Գայլը, գայլը գալիս է, այլևս չեմ ուզում լսել, բոլոր ընտրությունների ժամանակ ասում են, թե Սաակաշվիլին վերադառնում է»,-այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Նրա խոսքերով՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օգտագործում է ժողովրդին սպառնալու համար։
«Ցավոք «Վրացական երազանքը» շարունակում է ծաղրել ժողովրդին, այս ամենը կատակերգության է նմանվում, ինչը սկսել է ազդել մարդկանց նյարդերի վրա: Եվս մեկ անգամ պարզվեց, որ «Վրացական երազանքը» այսքան տարի անամոթաբար խաբել է մեզ: Տարիներ շարունակ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից լսում ենք, թե Վրաստանը դիմել է Ուկրաինային՝ Սաակաշվիլիի արտահանձնման պահանջով: Պարզվում է պաշտոնական դիմում է ուղարկվել միայն երեկ: Գործ ունենք «Վրացական երազանքի» ստի և «Միացյալ ազգային շարժման» համակեցության հետ: Հույս ունեմ այս անգամ ժողովուրդն առավել սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը և չի տրվի սադրանքներին»,- հայտարարել է Բուրջանաձեն: