Կախեթիում սեպտեմբերի 2-ին մի քանի շրջաններում բռնկված անտառային ուժգին հրդեհի դեմ պայքարը վաղ առավոտից վերականգնվել է: Չի հաջողվում մարել Թելավիի Արտանա գյուղի մոտակայքի, Կվարելիի շրջանի Շիլդա գյուղի, ինչպես նաև Խախաբո բարձր լեռնային գյուղի հրդեհների օջախները: Ռուսթավի 2-ի հաղորդմամբ՝ ամենածանր դրությունը Արտանա գյուղի մոտ Խոխտա լեռան լանջին է, ուր 8-9 ակտիվ օջախ կա: Ըստ նախնական հաշվարկի՝ այստեղ 70 հա տարածք է այրվել՝ ծառեր, չոր խոտածածկույթ, թփուտներ: Կախեթիի անտառային տնտեսության գործակալության ղեկավար Դավիթ Խաթիաշվիլիի խոսքով՝ փրկարարները ստիպված են աշխատել դժվարին պայմաններում. Մինչ օջախը հարկավոր է ոտքով անցնել 70 աստիճան թեքությամբ լանջով:
Վրաստանի ՆԳՆ-ն որոշում է կայացրել աշխատանքներում ներգրավել հավելյալ կենդանի ուժ, Արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակիցներն արդեն դեպքի վայրում են:
Խախաբո գյուղի անտառային հրդեհը Թուշեթիի ազգային պարկի տարածքում ուժեղ ծխի կուտակման պատճառ է դարձել: Ըստ լրատվամիջոցների՝ այստեղ հրդեհն արդեն 20 հա փշատերև անտառ է ոչնչացրել: Հրդեհի հետ պայքարում է 200 փրկարար, տեղի բնակիչներն ու կամավորներ ևս ներգրավված են: Հրդեհը տեղայնացված է, մարման համար ներգրավվել է ուղղաթիռ: Ընդհանուր հրդեհի գոտում 4 ուղղաթիռ է աշխատում:
Տեղի բնակիչների վարկածով՝ հրդեհի պատճառ են դարձել սեպտեմբերի երկուսի գիշերը որոտացած չոր կայծակները: