Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Սամվել Պետրոսյանը և նրա որդին՝ Գիորգի Պետրոսյանը, սպառնացել են Հասմիկ Մարանգոզյանին:
Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ից, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին սպառնացել են «զրկել կյանքից, ընտանիքի անդամներից մեկին ապօրինաբար զրկել ազատությունից և տունը վառել»: ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ սա առաջին դեպքը չէ:
«Երեկ Սամվել Պետրոսյանը ճանապարհին կանգնեցրել է Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Պաատա Փանճիկիձեին և բացատրություններ պահանջել իր գործունեության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ քանի որ նշված փաստերը հնարավոր է հանցագործության նշաններ պարունակեն՝ գործն ուղարկվել է դատախազություն:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր անհատներին՝ զերծ մնալ ընտրական վարչակազմի գործունեությանը միջամտելուց և ապօրինի գործողություններից:
Հասմիկ Մարանգոզյանը jnews.ge կայքի հետ հեռախոսազրույցում չի մեկնաբանել տեղի ունեցածը՝ հավելելով, որ ամեն բան արդեն ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Մինչդեռ Սամվել Պետրոսյանը նշել է, թե որևէ սպառնալիք չի հնչել իրենց կողմից։
«Միջադեպը տեղի է ունեցել 4-5 օր առաջ։ Պտենա գյուղից վեց բնակիչ տեղամասային հանձնաժողովների մրցույթի մասնակցության հայտերն էին բերել տարածքային ընտրական հանձնաժողով։ Սակայն գրասենյակը փակ էր, նրանք էլ շտապում էին, խնդրեցին, որ ես ավելի ուշ հանձնեմ։ Ես փոխանցեցի Թաթուլ Տոնականյանին, որ հանձնի տարածքային ընտրական հանձնաժողովին, սակայն Հասմիկ Մարանգոզյանը վերցրել էր փաստաթղթերն ու առանց բովանդակությանը ծանոթանալու՝ պատռել և շպրտել էր սեղանին»,-ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ այնուհետև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության Ախալքալաքի շրջանի նախընտրական շտաբի անդամների հետ գնացել են տարածքային ընտրական հանձնաժողով՝ խնդիրը հասկանալու համար։
«Մարանգոզյանն ասաց, որ ճիշտ է վարվել, միևնույն է հնարավոր չէ ապացուցել, որ դա ինքն է արել, դրանից հետո մենք սկսեցինք վիճել, այնուհետև ոստիկանություն կանչեցինք՝ արձանագրություն կազմելու համար։ Մեր վեճը շարունակվեց ոստիկանների ներկայությամբ և եթե հնչեր սպառնալիքներ, ապա ոստիկանությունը կարձագանքեր։ Մեր կողմից որևէ սպառնալիք չի հնչել, մինչդեռ նա վիրավորում էր։ Մենք արձանագրություն կազմեցինք և ուղարկեցինք ԿԸՀ նախագահին։ ԿԸՀ-ից եկան ներկայացուցիչներ, մենք քննարկեցինք տեղի ունեցածը»,- պարզաբանել է Պետրոսյանը՝ հավելելով, որ «Վրաստանի հայրենասերների դաշինքն» ունի նաև միջադեպից տեսագրություն։