Մթածմինդայում հրդեհի հետևանքով այրված 2 հա տարածքում կանաչապատման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի սկզբից:
Թբիլիսիի քաղաքապետարանի բնապահպանության եւ կանաչապատման քաղաքային գործակալության ղեկավար Գոգա Ծերեթելին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով ոչնչացված տարածքի կանաչապատման նախաձեռնությունը ներկայացրել է «Մ2 անշարժ գույք» կազմակերպությունը՝ ստանձնելով տարածքը 2 տարով խնամելու պատասխանատվություն:
Ըստ Ծերեթելիի՝ Մթածմինդայում հրդեհից հետո տարածքն ուսումնասիրել են համապատասխան մասնագետները: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների եզրակացության համաձայն՝ տարածքում էրոզիայի վտանգ չկա: Մասնագետները խորհուրդ են տվել այդ վայրերում տնկել տարբեր տեսակների բույսեր:
Հիշեցնենք՝ Մթածմինդայում հրդեհ էր բռնկվել օգոստոսի 8-ին: Կրակը դժվար հասանելի տարածքում էր եւ ոչնչացրել էր մոտավորապես 2 հա: Այրվել է մոտ 200 ծառ: