Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 24-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1917 թվականին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1917/02/21 #40
Օսմանյան կայսրություն
Ցյուրիխ. Ստամբուլից տեղեկացնում են, որ Թալեաթ բեյը փորձում է նախարարությունը համալրել է այնպիսի քաղաքական գործիչներով, ովքեր չեն մասնակցել հայերի և սիրիացիների հետապնդմանը: Ասում են` կանխամտածված քայլ է, որպեսզի չեզոք և դաշնակից պետություններում մոռանան հայերի և արաբների նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացված հանցագործությունները:
Վրաստան 1917/02/23 #42
Հայկական կենտրոնական կոմիտեն քրդերի կողմից գերեվարված հայերին ազատելու համար Հայկական բարեգործական միության կովկասյան մասնաճյուղից 1․500 և Դարուբանդի մասնաճյուղից 6.400 մանեթ է ստացել:
Ժողովրդական թերթիկ 1917/02/24 #803
Մեր հարևանները` հայերը
Ըստ «Հորիզոն»-ի՝ Սոփրակ Կալեում (Ալաշկերտ) կենտրոնական կոմիտեի կողմից բացված հիվանդանոցները, որտեղ 600 մեծահասակ և 130 որբ հայ կա, փակվել են, իսկ հիվանդները մնացել են առանց օգնության: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Օգանյանը լքել է շրջանը: Փախստականների թվում հիվանդները շատ են:
Վրաստան 1917/03/24 #67
Հայաստանի պետական ինքնավարությունը
Մոսկվայի հայկական կոմիտեն Լվովին հեռագիր է ուղարկել, որտեղ ասված է. «Հայաստանը պետք է ազատ լինի և պետականորեն ինքնավար»:
Վրաստան 1917/04/9 #71
Օսմանյան Հայաստանի հարցը միջազգային հարց է և այն կորոշվի միայն միջազգային կոնգրեսում, սակայն կուսակցությունը պետք է իմանա՝ այս հարցը պետք է որոշվի այնպես, ինչպես կցանկանան օսմանյան հայերը:
Վրաստան 1917/05/13 (26) #101
Սադրանք Բաքվում
Քաղաքում հրացանի կրակոցներ են հնչել: Լուրեր են տարածվել, թե հայ-թաթարական բախումներ են եղել: Այնուհետև պարզվել է, որ այս խաղը խուլիգաններն են կազմակերպել:
Սադրանք Նուխիում
Տեղի մահմեդականները հայերին կոտորածի նախապատրաստման մեջ են մեղադրում: Սադրիչները նրանց դեմ են հանել ռուսական կողմի զինվորներին, որոնք մեկ օր անց համոզվել են, որ մեղադրանքներն անհիմն են եղել:
Վրաստան 1917/05/31 (13) #115
Հույների կոտորածը
Սոլուն, մայիսի 27
Այվալի փախստականները մեզ պատմում են, որ այնտեղ թուրքերին մեծ դիմադրություն են ցուցաբերել: Թուրք-գերմանացի սպաները կոտորել են 7000 մարդ: Քաղաքն ամբողջովին ավերված է: Մինչ այդ նրանք ցանկացել են հեռանալ Այվալից, սակայն Կոնստանտին թագավորի հյուպատոսը խորհուրդ չի տվել: Հույն փախստականները վախից սարսափած են:
Վրաստան 1917/06/23 (5) #135
Լլոյդ Ջորջի խոսքերը
Լոնդոն, հունիսի 16
Լլոյդ Ջորջը Գլազգոյում ելույթ է ունեցել, որի ընթացքում ասել է, որ Բելգիան պետք է վերադարձվի բելգիացիներին, իսկ Մեսոպոտոմիան (Միջագետք) ապագայում չի կարող մնալ Օսմանյան կայսրության բռնակալության կրակի տակ այնպես, ինչպես Հայաստանը: Գերմանացիների նորաշենները պետք է շարժվեն բնակիչների կամքով։ Լլոյդ Ջորջը Ռուսաստանի մասին հիացական արտահայտություններ եւ գովասանքի խոսքեր է շռայլել:
Վրաստան 1917/06/27 (9) #138
Հայ-քրդական հարաբերությունները
Այս վերջին օրերին թերթերում հաճախակի տեղեկություններ է հրապարակվում Երևանի մարզի անօրինականությունների և այստեղ-այնտեղ իրականացվող կողոպուտների մասին: Գրելուց զատ, նաև բանավոր լուրեր են տարածվում, թե որոշ վայրերում քրդերը հարձակվում են հայերի վրա և կողոպտում նրանց առանց պատճառի: Սաք. Մես.-ում պատմությունն այլ կերպ են բացատրում: Նրանց խոսքերով, մայիսի 22-ին, Բեգրիկալա (Օսմանյան Հայաստան) գյուղում Կովկասի կրակայինների հայկական հինգերորդ բանակն իբր հավաքել է բնակիչներին և սպանել նրանց՝ հիմնականում ծերերի և երեխաների: Սա պետք է բարկացներ քրդերին ամենուր և նրանք` իբր վրեժխնդիր են ուզում լինել բեգրիկալցիներից: Այս լուրերի հետևանքով դեռևս բանակի միայն մեկ հեծելազոր զորագունդ է ուղարկվել՝ Երևանի մարզում կարգ ու կանոնը վերականգնելու համար:
«Հայերի, մեր անբաժան հարևանների, մեր դաշնակիցների բարօրությունն ու ազգային անձեռնմխելությունը ուրախացնում է և անհրաժեշտ է մեզ համար: Հայաստանի կործանումից հետո բացվել են Վրաստանի հարավային դարպասները և այդ օրվանից վրացիները ցանկանում են այս դարպասների մուտքը փակել, սակայն չեն կարողանում»,- ասել է Իլիա Ճավճավաձեն:
Այսօր նույնպես նման իրավիճակում ենք և այդ պատճառով, չենք կարող երբեք սառնասիրտ լինել, երբ Հայաստանին և հայերին ինչ-որ մեկը կցանկանա աննպատակ և ապօրինաբար կոտորել, լինի քուրդ, կամ մեկ ուրիշը:
Սակայն, այս դեպքում, միայն բանակ ուղարկելը բավարար չենք համարում: Բանակը ռազմական կազմակերպություն է, զենքի և ֆիզիկական ուժի շարժիչ: Բանակի` խաղաղության վերականգնման համար օգտագործումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն գործում է ժողովրդի վստահությամբ և իրավակունք ստացած քաղաքացիական իշխանության ղեկավարությամբ: Իսկ երբ գործը, այս դեպքում վերաբերում է երկու հարևան ժողովուրդների միջև անհամաձայնությանը, այդ դեպքում հարց լուծելը պետք է ցանկանան երկու ժողովրդի կողմից դրա համար ընտրված մարդիկ:
Այդ պատճառիվ, մենք անհրաժեշտություն ենք համարում, որ Անդրկովկասի կոմիսարիատը երկու հրաման արձակի. նախ՝ հարկավոր է հստակեցնել, որ զենք չօգտագործվի առանց իր ղեկավարությունից` կոմիսարիատից հրաման ստանալու, երկրորդ հրամանով՝ Երևանի գուբերնիայում ընտրել խառը հանձնաժողով՝ կազմված հայերից ու քրդերից և միշտ գտնել հանցագործներին:
Եթե այս ամենն ինչ-որ աննկարագրելի ու անխուսափելի պատճառների հետևանքով չիրականացվի, ապա հետաքննության համար Թբիլիսիից պետք է ուղարկվեն երկու կողմերի համար հուսալի անձինք՝ Անդրկովկասի կոմիսարներից մեկի ղեկավարությամբ:
Մենք վախենում ենք, որ եթե այսպես չգործի այժմյան կառավարությունը, կկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել հայերի և թաթարների միջև 1905-1906 թվականներին:
Վրաստան 1917/09/25 #235
Հայերի պաշտպանությունը
«Դաշնակցություն» կուսակցությունը հայերի պաշտպանության համար ընդունած որոշման մեջ նշել է, որ, եթե Հայաստանում անարխիան շարունակվի և քրդերը չդադարեն հարձակվել հայերի վրա, անհնար կլինի պաշտպանել ոչ միայն միացված շրջանները, այլեւ ամբողջ Անդրկովկասը, որը կորցնելը, անկասկած, պետության համար աղետալի կլինի: Օսմանական բանակի Անդրկովկաս ներխուժման դեպքում բոլոր բնակիչները և հատկապես հայերը աննկարագրելի կտուժեն: Ճակատը հզորացնելու համար ռեզոլյուցիա են պահանջել, փորձել են կովկասյան ճակատում տեղաբնակներից կազմված ռազմական ստորաբաժանումներ օգտագործել: Պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն քրդերի արշավանքների դեմ, քանի որ դրանք վտանգ են ստեղծում ճակատի համար: Այս գործում կառավարությանն օգնության պետք է հասնի ժողովրդական պաշտպանությունը: Դրա հետ մեկտեղ պետք է ստեղծվի ժողովրդական ոստիկանություն:
Վրաստան 1917/12/22 #279
Սարիղամիշի արշավանքը
Սարիղամիշի կայարանից Անդրկովկասի կոմիսարիատին հեռագիր է եկել, որ այնտեղ արշավանք է սկսվել: Կայարանի պահեստներ են ներխուժում հազարավոր զինվորներ և թալանում: Արշավանքները կարող են կրկնվել, քանի որ պաշտպանող չկա: Վնասն աննկարագրելի է: Տեղի բնակչությունը խուճապի մեջ է:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը: