Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Թուրքմենստան մեկնարկել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմամբ:
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին և երկկողմ համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Կվիրիկաշվիլին խոսել է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժի մասին.
«Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում տրանսպորտային զարգացման նախագծերի աշխուժացմամբ և կարծում ենք, որ հետաքրքրություն կա նաև ձեր կողմից: Դա է պատճառը, որ այսօր մենք այստեղ ենք՝ քննարկելու այդ ծրագրերը: Ուրախ ենք նաև, որ այս տարի նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Մենք բարձր ենք գնահատում Թուրքմենստանի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը՝ ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք հսկայական չօգտագործված ռեսուրս, մեր նպատակն է այդ չօգտագործված ներուժի ամբողջովին օգտագործումը, որպեսզի զարգացնենք տարանցումային ծրագրերը»:
Կվիրիկաշվիլին խոսել է նաև մշակութա-հումանիտար, գիտական և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Վարչապետի այցի կարևորության և երկու երկրների միջև բազմամյա ընկերական հարաբերությունների վերաբերյալ է խոսել Թուրքմենստանի նախագահը.
«Մենք շնորհակալ ենք, որ միջազգային մակարդակում աջակցում եք Թուրքմենստանի, ինչպես չեզոք երկրի նախաձեռնություններին: Մենք բարձր ենք գնահատում այն, որ երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական համագոծակծության հանձնաժողով, և շնորհակալություն ենք ուզում հայտնել Ձեզ, որ այսօր տեղի է ունենում նրա հերթական նիստը»,- հայտարարել է Թուրքմենստանի նախագահը: