Վրաց դիվանագետներն օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել են ռուսական կողմին: Տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Ռուսթավի 2»-ի «Կուրիեր» լրատվական թողարկման ընթացքում:
Ըստ Զախարովայի՝ վրաստանյան կողմի՝ Բորջոմիի անտառում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվելու խնդրանքը Մոսկվա է հասել շվեյցարական դիվանագիտական կապի միջոցով, որը 2008 թվականից ի վեր ապահովում է երկու երկրների դիվանագետների միջեւ կապը։
«Օգոստոսի 23-ին Թբիլիսիից խնդրանք ենք ստացել Բորջոմիի անտառի հրդեհի մարման աշխատաններում ներգրավվելու մասին: Հաղորդագրությունը ձեւակերպված էր Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը ներկայացնող բաժնից: Ռուսական կողմն այս խնդրանքին անմիջապես արձագանքել է եւ հատկացրել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության «Իլ 76» ինքնաթիռը, չնայած հետագայում վրացական կողմը մեզ շնորհակալություն է հայտնել եւ տեղեկացրել, որ հրդեհի օջախները տեղայնացված են ու ռուսական կողմի օգնության կարիքն այլեւս չկա: Համապատասխան նոտա Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը ներկայացնող բաժնից օգոստոսի 24-ին ենք ստացել: Մենք ի սրտե մաղթում ենք վրաց ժողովրդին, որ հնարավորինս արագ չեզոքացվի հրդեհը,- հայտարարել է Զախարովան:
Այս հայտարարության հետ կապված առայժմ բացատրություն չի տվել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: