«Կգա այն օրը, երբ Վրաստանը կտոնի տարածքների վերադարձը»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում:
Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դա անում է այն պահից, երբ «ռուսական տանկերը բռնագրավեցին Վրաստանի տարածքը»։ ԱՄՆ-ը նույն դիրքորոշումն ունի նաև այսօր:
«Մենք հավատում ենք, որ Վրաստանի հզորացումը կհանգեցնի երկրի տարածքների վերամիավորմանը: ԱՄՆ-ն շարունակում է նոր ճանապարհներ գտնել, որոնց օգնությամբ կնպաստի ոչ միայն պաշտպանական կարողությունների հզորացմանը, այլև երկրի տնտեսական զարգացմանը։ Դա լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի, կխթանի երկրի տնտեսական աճը։ Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Վրաստանը կտոնի տարածքների վերադարձը»,- հայտարարել է Փենսը:
ԱՄՆ-ի փոխնախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուժեղ աջակցություն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
«Ես այստեղ եմ՝ ասելու, որ Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին»,- Թբիլիսիում հայտարարել է Մայք Փենսը: