Նպաստել տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը, ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների համատեղ մարտունակության մակարդակի բարձրացմանը: Սրանք են ԱՄՆ—ի նախաձեռնությամբ և Վրաստանի աջակցությամբ Թբիլիսիիում մեկնարկած «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների նպատակները:
Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ զորավարժություններին պետք է մասնակցեր 11 երկիր, սակայն հուլիսի 30-ին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանի ռազմաբազայում վարժանքները մեկնարկեցին 8 երկրի մասնակցությամբ՝ առանց Իսպանիայի, Ռումինիայի և Ադրբեջանի:
Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Ուկրաինայի և Հայաստանի կողմից զորավարժություններին մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 2800 զինվորական, 500 միավոր զինտեխնիկա:
Զորավարժությունների բացման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահը, վարչապետը, մի շարք նախարարներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` դիմելով ներկաներին նշեց, որ նման զորավարժություններով դաշնակից երկրներն էլ ավելի են կատարելագործվում և մոտենում ՆԱՏՕ-ի չափանիշերին:
Պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդգծեց, որ այս տարվա զորավարժությունները առավել լայնամասշտաբ են․
«Վրացական զինուժը գործընկերների հետ համագործակցությամբ ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը, համագործակցությանը նվիրվածությունը՝ վաստակելով արժանի գործընկեր կոչվելու իրավունքը»:
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ընդգծեց, որ զորավարժությունների անվանումը պատահական չէ ընտրված.
«Զորավարժությունների անվանումից արդեն պարզ է դառնում, որ Վրաստանը տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության պահպանման հարցում չափազանց կարևոր գործընկեր է: Սա մեր զինվորականների վաստակն է: Վստահ եմ՝ այս զորավարժությունների արդյունքում Վրաստանն էլ ավելի մարտունակ երկիր կդառնա»:
Զորավարժությունների եռամյա պատմության մեջ, դրանցում առաջին անգամ մասնակցություն է ունենում Հայաստանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ստորաբաժանումը:
Միջոցառմանը ներկա Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը «Ալիքի» հետ զրույցում նշեց․
«Մեզ համար մեծ պատիվ է մասնակից այլ երկրների շարքում տեսնել Հայաստանի դրոշը: Վստահ ենք, որ մեր տղաներն ու աղջիկները պատվով կներկայացնեն ՀՀ Զինված ուժերը, կկատարեն բոլոր հանձնարարությունները: Վստահ ենք նաեւ, որ ընթացող բազմազգ զորավարժությունները բացառություն չեն լինի»:
ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի նախաձեռնությամբ Վազիանի էր ժամանել ջավախահայ ուսանողների մի խումբ: Թումասյանի կարծիքով զորավարժություններում Հայաստանի մասնակցությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստող ևս մեկ քայլ է։
Հուլիսի 30-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը: