«1+4» ծրագրի շրջանավարտ Լիլիթ Օգանեսյանն օգնում է պաշտպանել Ախալքալաքի բնակչության իրավունքները: Ծնունդով Ախալցիխեից ուսանողուհին՝ տիրապետելով խոսակցական վրացերենին, ինտեգրման խնդիր չի ունեցել: Այնուամենայնիվ, շնորհակալ է «1+4»-ին՝ ակադեմիական վրացերենը զարգացնելու համար:
«Շատ ազատ կարող էի մտնել հաղորդակցության մեջ, բայց ինչպես պարզվեց՝ սա բավական չէր վրացի ուսանողների հետ նույն տեմպով կամ ավելի լավ սովորելու համար: Հիմնական խնդիրը լեզուն էր, ես չկարողացա լիակատար տիրապետել մասնագիտությանս,-ասում է երիտասարդ աղջիկն ու բացահայտում դժվարությունները հաղթահարելու իր գաղտնիքը,-Շատ, շատ, շատ էի կարդում: Հիմա մտածում եմ, որ շատ լավ գիտեմ վրացերեն, ամեն ոլորտում շատ ազատ եմ շփվում, եւ այդ ամենին հասել եմ միայն կարդալով»:
Լիլիթը կարծում է, որ ծրագիրը կատարյալ չէ եւ մի շարք թերություններից մեկը համարում է դասագրքերի քանակի եւ որակի խնդիրը:
«Դասագրքերը բավարար գիտելիք չեն տալիս ուսանողներին: Իմ դեպքում լավ կլիներ, եթե նախապատրաստական կուրսում յուրացրած լինեի իրավաբանական ոլորտի բառապաշարը»։
Խորհուրդ տալով նախապատրաստական կուրս ընդունվողներին, իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտն ասում է. «Վրացիների հետ լավ եղեք»։
«Նկատել եմ, որ շրջաններից եկած ուսանողները շատ բացասական են տրամադրված վրացիների հանդեպ, ես նրանց ուզում եմ ասել, որ վրացիներից մենք միայն օգուտ պիտի քաղենք, թող ձգտեն վրացիների հետ լավ հարաբերություններ ունենալ՝ միաժամանակ կբարելավեն վրացերենը, դասերի դեպքում էլ օգնություն կարող են ստանալ»։
Ուսանողական տարիներին Լիլիթն ակտիվորեն մասնակցել է մի շարք նախագծերի, սակայն առաջին աշխատանքային փորձը ոչ այնքան հաճույքով է հիշում.
«8 ամսվա ընթացքում որպես իրավաբան աշխատում էի շինարարական գործակալությունում, բայց զգացի, որ դա իմ տեղը չէր, մասնագիտորեն չէի աճում»։
Իմանալով «1+4»-ի ուսանողների համար նախատեսված պրակտիկայի ծրագրի մասին՝ Լիլիթը հայտ է ուղարկել օմբուդսմենի Ախալքալաքի գրասենյակ: Նույն կառույց դիմել է նաեւ աշխատանքի նպատակով։
«Բավականին բարձր էր մրցակցությունը, 34 դիմորդ կար, որոնցից 2-ը հայ էին: Հարցազրույցի փուլ անցանք չորսս․ ընտրեցին ինձ»։
Լիլիթը ցույց է տալիս աշխատանքի շրջանակներում իր կազմած տեղեկատվական պաստառները, որոնք տարածված են Ախալքալաքում։ Նա մասնակցում է նաեւ տեղի բնակչության հետ հանդիպումներին: