Ջրային տրանսպորտը կարող է օգնել լուծել խցանումների խնդիրը, որը վերջին տարիներին, հատկապես պիկ ժամերին կաթվածահար է անում Թբիլիսին՝ գտնում են քաղաքային իշխանությունները: Մասնավորապես նախատեսվում է օգտագործել Քուռ (Մտկվարի) գետը, որը հոսում է Վրաստանի ողջ տարածքով՝ հարավ-արևմուտքից դեպի արևելք, բաժանում է Թբիլիսին երկու մասի: Քաղաքապետարանում նշում են, որ գետը տրանսպորտային խնդիրը լուծելու համար օգտագործելու գաղափարն առաջարկում են մայրաքաղաքի հողօգտագործման գլխավոր ծրագրի հեղինակները: Ծրագիրը վերջնական կհաստատվի այս տարվա սեպտեմբերին: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ գետով հնարավոր է ջրային տրանսպորտ շահագործել, որը այլընտրանք կդառնա վերգետնյա տրանսպորտին և մետրոյին: Դրա համար անհրաժեշտ է գետի կապիտալ մաքրում, ափերում խորության ուսումնասիրություն, նաև պետք է փոքրացնել ափերի բարձրության և գետի մակարդակի տարբերությունը, ինչպես նաև գետային տրանսպորտի համար կանգառների տեղեր մշակել:
Քուռը Վրաստանի և Անդրկովկասի ամենամեծ գետն է, անցնում է երեք պետությունների տարածքով, սկիզբը վերցնում է Թուրքիայից, հոսում Վրաստանով, ավարտվում Ադրբեջանում՝ թափվելով Կասպից ծով: Ընդհանուր երկարությունը 351 կմ է, տարածությունը 1364 քմ է: Թբիլիսիի հողօգտագործման հիմնական ծրագիրն առաջարկում է նաև քաղաքում ճոպանուղիների զարգացում, որոնց քանակն ավելացնելու նպատակ կա՝ ներկայիս 3-ից հասցնելով 9-ի, նաև այլ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում, այդ թվում մետրոյի նոր կայարանների կառուցում և ավտոբուսային երթուղիների ձևավորում: