«ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» (Noble Partner- 2017) զորավարժություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ»,-վստահեցրել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ պատասխանելով «զորավարժությունների ընթացքում արդյո՞ք սպասում եք Ռուսաստանի կողմից որևէ սադրանքի» հարցին։
Իզորիան նշել է, որ նման զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ։ «Դրանց նպատակն է բարձրացնել գործընկերների միջեւ առկա համագործակցության մակարդակը, նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը»,-ասել է Վրաստանի Պաշտպանության նախարարը՝ ողջունելով նաև թբիլիսյան զորավարժություններում Հայաստանի ներգրավվածությունը։
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ նախկին խորհրդային երկրներից Ուկրաինան։ Վարժանքները տեղի կունենան Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում։