Թբիլիսիի քաղաքապետարանի հետ ստորագրած պայմանագիրը «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությանը չի պարտավորեցնում 2018թ․ հետո ամբողջովին նորացնել ավտոպարկը: Այս մասին «interpressnews» լրատվականը տեղեկացել է ընկերությունից:
«Թբիլիսիի միկրոավտոբուս»-ից մեկնաբանել են փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեի հայտարարությունը, ըստ որի, ընկերությունը պարտավոր է 2018թ․ հետո նորացնել երթուղայինների ավտոպարկը:
«Պայմանագրի համաձայն, մենք պարտավոր չենք փոխել բոլոր երթուղային տաքսիները: Մենք դա պարբերաբար անում ենք շարքից դուրս գալու կամ օգտագործման ժամկետները սպառելու դեպքում»,-պարզաբանել են ընկերությունից։
«Interpressnews» լրատվականին, սակայն, ընկերությունից չեն հստակեցրել, թե մինչ օրս քանի երթուղային տաքսի է նորացվել: Ընկերության տվյալներով, օրվա ընթացքում ցանցում աշխատում է 1800 միկրոավտոբուս:
Հիշեցնենք՝ նույն լրատվականի հետ զրույցում Թբիլիսիի փոխքաղաքապետը նշել է, որ դեղին միկրոավտոբուսների օգտագործման ժամկետները սպառվում են 2018 թ․, «ուստի ավտոպարկը պետք է նորացվի»: