«Մեր իշխանությունները Մոսկվայի հետ բացի գործող միջազգային ձեւաչափերից, չեն պատրաստվում որեւէ այլ պաշտոնական հարաբերություն ունենալ, անձամբ ես՝ անհնար եմ դա համարում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հայտարարությունը: Կալաշնիկովն ասել էր, թե «Հայրենասերների դաշինքի» հրավերով պատրաստվում են այցելել Վրաստան:
Ինչպես նշել է Սեսիաշվիլին, «Հայրենասերների դաշինքի» Մոսկվա այցի վերաբերյալ կառավարության եւ մեծամասնության վերաբերմունքը բոլորին է հայտնի:
«Մոսկվայի հետ որեւէ տեսակի պաշտոնական կապ չենք հաստատի, քանի դեռ գոյություն ունեն, այսպես կոչված, դեսպանություններ բռնազավթված Ցխինվալիում եւ Աբխազիայում, հարաբերություններ չենք հաստատի, մինչեւ չտեսնենք Ռուսաստանի պատրաստակամությունը ապաշրջափակման վերաբերյալ»,- հայտարարել է Սեսիաշվիլին:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Դումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը, խորհրդարանական դիվանագիտությունը պիտի նպաստի Ռուսաստանի եւ Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը: Կալաշնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող «Հայրենասերների դաշինքի» անդամները ռուս գործընկերներին Վրաստան են հրավիրել: