Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 20-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» պարբերականում 1916 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1916/06/15 #132
Թալեաթ Բեյը հայերի հալածանքների մասին
Լոնդոնից տեղեկացնում են. «Թալեաթ բեյը Ստամբուլում հայերի անհիմն հալածանքների մասին ծավալուն զրույց է ունեցել գերմանացի լրագրողների հետ: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության հայերը մշտապես քննադատել են Օսմանյան կայսրության պառակտման արդյունքում ձեւավպրված քաղաքական կողմնորոշումները: Արևմտյան վիլայեթներից հայերի տեղահանումն անհրաժեշտություն է եղել: Դա էր պահանջում պատմական և ազգային իրողությունները: Ճիշտ է, արևելյան վիլայեթներից տեղահանվածները բազմաթիվ զրկանքների են ենթարկվել, շատերն էլ կոտորվել են, սակայն դրա համար քրդերին պատժել են: Ինչ վերաբերում է արևմտյան վիլայեթներից տեղահանվածների զրկանքներին` դա այն տգետ պաշտոնյաների մեղքն է, ում հանձնարարված է եղել իրականացնել գործը: Վերջում Օսմանյան կայսրության վեզիրն ասել է. «Ես թույլ չեմ տա, որ մեզ մեղադրեն լավ ու վատ հայի միջեւ ընտրություն կատարել, քանի որ այսօրվա անմեղ հայը` վաղը կարող է դառնալ ամենամեծ մեղավորը»:
Վրաստան 1916/07/15 #156
Քաղաք Էրզինջանի (Երզնկա) գրավումը
Երեկ երեկոյան տեղեկություն ստացանք, որ ռուսական բանակը գրավել է Էրզինջանը (Երզնկա), որն Արզրումի (Էրզրումի) վիլայեթի ամենակարևոր քաղաքն է, գտնվում է Ղարա—սուս գետի ձախ ափին, Եփրատից արևմուտք: Քաղաքի բնակիչների թիվը գերազանցում է 40 հազարը, որի գերակշիռ մասն օսմանցիներ են: Մինչ պատերազմի սկիզբը նաև հայեր են ապրել: Էրզինջանի հարակից տարածքները բերրի են: Եթե օսմանցիները ելք չգտնեն, կամ չկարողանան իրենց հետ տանել բերքը, ռուսներն այստեղ ամեն ինչ կավերեն։
Օսմանցիները դեպի Հայաստան նոր զորքեր են ուղարկում.
Օսմանյան բանակի աջակցությունը Փոքր Ասիայում՝ մտածելու տեղիք է տվել կառավարությանը: Ռուսաստանի բանակի առաջխաղացումը կանխելու նպատակով, կառավարությունը որոշել է հարմար զորամիավորում գտնելուն պես ուղարկել Հայաստանի ուղղությամբ: Բացի դրանից, մտադիր են 17 տարեկան երիտասարդներին զորակոչել բանակ:
Վրաստան 1916/07/23 #162
Գերմանիայի կարծիքը Էրզինջանի գրավման վերաբերյալ
Վոլֆի հեռագրային գործակալությունը չեզոք պետություններին տեղեկացնում է, որ Փոքր Ասիայի գործողությունների վերաբերյալ օսմանցիների բանակի Գլխավոր շտաբը լիովին կիսում է Գերմանիայի Գլխավոր շտաբի տեսակետը: Գործակալության փոխանցմամբ` Օսմանյան կայսրության ճակատագիրը Հայաստանի և Միջագետքի կողմերում չի որոշվում, այն բացառապես Եվրոպայի պայքարի տարածքում է կայացվելու, ուստի Հայաստանի տարածքների մի մասի կորուստը որևէ կերպ չի ազդի Օսմանյան կայսրության ապագայի վրա:
Վրաստան 1916/07/26 #165
Ազգային իրավիճակը
Հայերի կյանքից
«Հորիզոն» թերթում հրապարակվել է պարոն Արշակ Սաֆրաստյանի նամակը, որով կոչ է արվում հայրենակիցներին՝ իրեն ամեն տեսակի լուրեր հաղորդել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին: «Մեր ընկեր Լորդ Բրայսին անհրաժեշտ են այդ տեղեկությունները` իր պատմության համար… ամենաարժեքավորն ականատեսների և ներկաների տեղեկություններն են, հատկապես այն մասին, թե ինչպես են բռնության ժամանակ իրենց դրսևորել հայերը, մասնավորապես` կանայք: Արդամետից եկած մի կնոջ պատմությունները այնքան սարսափելի են, որ հնարավոր է վեպի նյութ դառնան: Ասել են` այդ վեպը մենք Անգլիայում կհրապարակենք… Ով պատմությունները գրավոր ներկայացնի, պատշաճ գումար կստանա…»:
«Դեն»-ում Միքայելյանցը գրում է. «Հայ գործիչները և հասարակությունը պետք է մոռանա կուսակցական վեճերն ու հայ բուրժուազիայի օգնությամբ պետք է հոգ տանի քարուքանդ եղած հայրենիքի համար»… Միքայելյանցն անդրադառնում է հայ կաթողիկոսի այցին Թբիլիսի և ասում. «Պատերազմի վերջում հայերը պետք է համախմբվեն հայկական հարցի լուծման ծրագրին դեռևս հավատացողների շուրջ»:
Ժողովրդական թերթիկ 1916/08/5 #643
Օսմանյան Հայաստանի բնակչությունը
Գրավված Հայաստանի բնակչության հարցին այսօր մեծ ուշադրություն են դարձնում և այն հետազոտելու համար Կովկաս են ուղարկել կոմս Տատիշչևին: Առաջին հերթին հիմնադրվել են, այսպես կոչված անզեն ջոկատները, որոնց կպատրաստեն հողերը մշակելու համար: Այս ջոկատները Ռուսաստանից են և հստակ որոշված է, որ այդտեղ որևէ հայ և վրացի չի լինելու: Նրանք արդեն որոշ գյուղատնտեսների հսկողության ներքո սկսել են աշխատել, սակայն այս ջոկատների աշխատանքը բավարար չէ, մինչդեռ այլընտրանքային ծրագիր գոյություն չունի:
Մտադիր են Հայաստանում ղազախների բնակեցնել, քանի որ նման փորձը Հյուսիսային Կովկասում լավ արդյունք է ունեցել։ Որոշվել է, որ օսմանյան հայերի և Ռուսաստանի ու Հայաստանի միջև սահման կլինի, որն էլ կբնակեցվի ղազախներով: Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրության մոտակայքին, այնտեղի բնակիչներից որոշներին կոտորել են, որոշներն էլ գնացել են Ռուսաստան կամ Օսմանյան կայսրություն: Խաղաղություն հաստատելուց հետո փախստականների մի մասն արդեն վերադարձել է:
Ենթադրվում է նաեւ, որ առաջին իսկ սպառնալիքի դեպքում այս ժողովուրդը նորից իրերը կհավաքի և կխանգարի բանակի շարժին: Այդ պատճառով գլխավոր հրամանատարը հրամայել է բնակիչներին հայտարարել, որ` Ալաշկերտի, Բայազեթի և Դայդոնի դաշտավայրում անտեր հողերն օգտագործման տրվի բոլոր ցանկացողներին` մինչև դրանց իրական տերերի վերադարձը: Դրանից հետո գեներալ Յուդենիչը հրամանին ավելացրել է` Ռուսաստանի բնակիչներից ու ղազախներից բացի որևէ մեկին չթողնել բնակվել այս տեղերում: Թույլ են տվել վրադառնալ միայն այն բնակիչներին, որոնք ունեցել են համապատասխան փաստաթուղթ: Սա նշանակում է, որ տեղի բնակչությանն արգելվում է վերադառնալ, քանի որ Օսմանյան կայսրությունում ծիծաղելի է խոսել նման փաստաթղթի մասին: Եթե նույնիսկ ունենային էլ, փախչելու ժամանակ կկորցնեին, այդ պատճառով տեղացիները չեն կարողանա խաղաղ գործունեություն ծավալել և տուն վերադառնալ:
Վրաստան 1916/08/13 #180
Ազգային իրավիճակը
Օսմանյան կայսրությունը հայերի մասին.
Օսմանյան կառավարությունը գիրք է հրատարակել հետևյալ վերնագրով. «Ճշմարտությունը հայերի տեղաշարժի և կառավարության քայլերի մասին»:
Գրքում նշվում է, որ հայկական «էլեմենտները» մինչ պատերազմը վայելել են կառավարության վստահությունը և այդ պատճառով նրանցից շատերը լավ պաշտոններ են զբաղեցրել. «Հայկական էլեմենտը» Օսմանյան կայսրությունը չի ճանաչում որպես հայկական ազգ` նրանք ընդամենը «էլեմենտներ» են: Այնպիսի արտոնություններ էինք տալիս նրանց, ինչպիսին մեր կողմից չի արժանացել ոչ մի օտար: Մինչդեռ հայերը, մեր` նման վերաբերմունքի դիմաց շնորհակալ լինելու փոխարեն, օգտվում էին բոլոր միջոցներից Օսմանյան կայսրությանը վնասելու համար։ Հայերը խանգարում էին բարեփոխումներ իրականացնել Անատոլիայում, որպեսզի այդ կերպ մեր ներքին գործերի մեջ ներգրավեին եվրոպացիներին, ինչը միայն բացասական հետևանքներ ունեցավ։ Պատերազմի սկսվելուց հետո, երբ ռուսների հորդորով հայերն ապստամբություն սկսեցին Վանում, այդ ժամանակ մենք ստիպված ենք եղել համարժեք քայլերի դիմել և բոլոր «էլեմենտներին» ուժով վերաբնակեցրել ենք պատերազմական շրջաններից, իսկ այնուհետև ամբողջ Անատոլիայի հայությանը հեռացրել ենք օտարերկրացիների աչքից հեռու գտնվող վայրեր (Միջագետք)»: Օսմանյան կայսրությունն այս կերպ է արդարացնում իր արածը:
“Армян. вист.”-ը այս մասին գրում է. «Չնայած մեր գործի արդարացիությանը, չպետք է ձեռքերը ծալած սպասենք Կոնգրեսին, որը մեր ճակատագիրն է որոշում և հենց հիմա պետք է անհրաժեշտ փաստաթղթեր հավաքագրենք Կոնգրեսին ներկայացնելու համար»:
Վանի տարեդարձը
«Վոն Տոսհմ»-ը գրում է. այս օրերին նշվում է Վանից ռուսների և նրանց հետ միասին Վանի ողջ վիլայեթի հայերի աքսորի 1 տարին: Թերթը հիշում է, թե ինչ պայմաններում են գնացել հայերը. «Ռուսական բանակի ոչ պաշտոնական հրամանն այնպիսի դրության մեջ դրեց, որ մենք որոշեցինք մեկ ժամվա ընթացքում ամբողջ ժողովրդով անհապաղ հեռանալ: Նման զանգվածային աքսոր չի եղել նույնիսկ Շահ Աբասի ժամանակ: Ողջ շաբաթվա ընթացքում, Վասպուրականի մոտ 150 հազար հայ, արևահարված, օր ու գիշեր առանց հանգստի գնում էինք դեպի Ռուսաստանի` Կովկասի սահմանները… այդ ճանապարհը մեզ վրա 50 հազար մարդկային կյանք արժեցավ»…
Հենց տարելիցի ժամանակ սկսվել է Իզեթ փաշայի հարձակումը: Մուշի Բիթլիսի և Վանի հայությունը նորից ուղևորվեց դեպի հյուսիս:
Հայերն Ամերիկայում
Պարզվում է՝ Օսմանյան կայսրությունից Ամերիկա է մեկնել 100 հազար հայ: Նրանք հիմնականում բնակություն են հաստատել Ատլանտյան օվկիանոսի ափին` Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում: Ամերիկահայերի մեջ հայտնի են` ԱՄՆ-ի ֆինանսների նախկին նախարար Թոմա Կարվինը և Սարապյանը` թղթադրամի տպիչ մեքենայի հեղինակը: Ամերիկահայերին այնպես է հաջողվել փրկվել, որ գործող նախագահ Վիլսոնն ասել է. մոնղոլական ծագման ազգերից (ճապոնացիներ, չինացիներ) հետո, ես չգիտեմ այնպիսի ժողովուրդ, որն օտար երկրում գտնվելու ժամանակ, այսքան ուժեղ հակադրվի ձուլման օրենքներին»:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը: