«Վրաստանը վրացիներին», «Հյուրը՝ հյուրի նման» և այլ կարգախոսերով «Վրացիների քայլերթ»-ը տեղի ունեցավ Թբիլիսիի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում։
Վրացական ազգային երգերի ներքո ընթացող ակցիայի՝ սրբապատկերները վեր պարզած հազարավոր մասնակիցների շարքում էին նաև հոգեւորականներ։
Ցույցը նպատակ ունի «Վրաստանն ազատել անօրինական կերպով երկրում գտնվող միգրանտներից»։ Նման բազմամարդ երթի առիթ էր դարձել վերջերս Իրանի 51-ամյա քաղաքացու կողմից Վրաստանում անչափահաս տղայի նկատմամբ բռնաբարությունը:
Ցույցի կազմակերպիչներն իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ տվեցին խստացնել միգրացիոն քաղաքականությունն ու օտարերկրացիներին երկրում կեցության իրավունք տրամադրելու պայմանները։ Հակառակ դեպքում նրանք խոստացան դիմել «ծայրահեղ քայլերի»: Երթը համարելով ազգային-ազատագրական շարժման սկիզբ, կազմակերպիչները ներկայացրին իրենց պահանջները։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործունեության արգելմանը։
«Մեր հայ, ադրբեջանցի, օս, աբխազ եւ եզդի եղբայրների հետ միասին ստեղծել ենք մեր ազգությունը: Օտարերկրացիները նույնպես փորձում էին ազգային փոքրամասնություն դառնալ, բայց դա նրանց մոտ չստացվեց: Եթե այսպես շարունակվի, վրացիներն իրենց երկրում ազգային փոքրամասնություն կդառնան»,- իր խոսքում նշեց կազմակերպիչներից մեկը:
Ցույցի տարածքն ընտրված էր խորհրդանշորեն․ Այս փողոցում են գտնվում բազմաթիվ թուրքական եւ արաբական սրճարաններ, ռեստորաններ եւ խանութներ:
«Մենք պայքարում ենք օտարերկրա բոլոր հանցագործների դեմ։ Նրանք չեն հարգում Վրաստանի քաղաքացիներին, տարածում են թմրամոլություն ու մարմնավաճառություն: Մեզ աջակցում են մի շարք քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ, բոլոր նրանք, ովքեր ուղղափառ հավատի կողմնակից են, ովքեր անհանգստանում են Վրաստանի ապագայի համար»,- «Ալիքի» հետ զրույցում նշեց ցույցի կազմակերպիչներից Ռամազ Գագնիձեն:
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան «Ալիքի» հետ զրույցում պարզաբանեց ցույցի ընթացքում բազմիցս հնչած «Վրաստանը վրացիներինն է» արտահայտությունը.
«Վրաստանը երկրի բոլոր քաղաքացիներինն է: Մենք պայքարում ենք Մերձավոր Արեւելքից ժամանած ապօրինի միգրանտների դեմ։ Նրանց թվում հիմնականում թուրքերն են, արաբները, ինչպես նաև հնդիկներն ու չինացիները: Մենք դեմ ենք ապօրինի միգրացիային, այնպես, ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում»։
Ցույցի ընթացքում մասնակիցիցների շարքերից ժամանակ առ ժամանակ հնչում էր «Մահ մուսուլմաններին» արտահայտությունը։ Մեջբերելով այն՝ «արդյոք ցույցն ուղղված է մուսուլմանների դեմ» մեր հարցին, ներկա հոգեւորականներից մեկը հրաժարվեց պատասխանել, դա սադրանք որակեց։ Նա միայն ասաց, որ «Վրաստանը պետք է ազատվի սատանաներից»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն վայրում մի խումբ ազգայանականների կողմից կազմակերպված հակաթուրքական ցույցն ավարտվել էր անկարգություններով: Այս տարի բողոքի ակցիան խաղաղ ընթացք ունեցավ։ Անվտանգությունը ապահովելու նպատակով տեղում մոբիլիզացվել էին ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ։ Մասնակիցները, սակայն, խոստացան, եթե իրենց պահանջները չկատարվեն, մեկ շաբաթ անց «ագրեսիա կցուցաբերեն»:
Հարկ է նշել նաեւ, որ Աղմաշենեբելի պողոտայում տեղակայված թուրքական եւ արաբական շուրջօրյա ռեստորանների մեծ մասն ակցիայի ընթացքում փակ էր: