Այս շաբաթ վրաստանյան ստարտափերի ներկայացուցիչները GG ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում էին, որտեղ ծանոթանում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ու արդեն համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների գործունեությանը։
Հայ և վրացի ստարտափերի համագործակցության գաղափարը Հայաստանում և Վրաստանում գործունեություն ծավալող GG ընկերությանն է։
GG ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը «Ալիք մեդիային» ասում է, որ այս այցելության նպատակն է ծանոթացնել երկու երկրների ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հնարավոր հետագա համագործակցության տեսլականով։
«Ցանկանում էինք հասկանալ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ինչ վրացական ընկերություններ կան, ինչ ստարտափեր կան, որոնց կարող են ինչ որ կերպ համագործակցել հայկական ՏՏ ինդուստրիայի հետ։ Վրաստանում ՏՏ ոլորտի միջոցառում էր անցկացվում, մենք կապ հաստատեցինք նրանց հետ, որոշեցինք մասնակցել, տեսնել ինչ թիմեր կան։ 12 թիմ էին մասնկացում, հենց այդ թիմերից էլ տասը հոգուն բերեցինք Հայաստան»,-պատմում է Թովմասյանը։
Վրացական ստարտափերի ներկայացուցիչները նախ շրջել են Հայաստանի մի քանի գեղատեսիլ վայրերում, ծանոթացել երկրի մշակույթին, այնուհետև այցելել են տարբեր կազմակերպություններ, ինչպես օրինակ «Արմթաբ» և «Արմմոբիլ» հեռախոսների արտադրությամբ զբաղվող TSD, ծրագրավորմամբ զբաղվող SFL կազմակերպություններ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, աշխարհահռչակ Picsart, «Զանգի» և այլ ընկերություններ։
Համացանցի օգնությամբ անվճար հաղորդագրություններ ուղարկելու, զանգելու և տեսազանգեր կատարելու հնարավորություններով 2013-ին ստեղծված հայկական «Զանգի» հավելվածի հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը վրաստանյան ստարտափերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախ ներկայացրեց ընկերությունը, այնուհետև տեղեկացրեց, որ առաջիկայում պլանավորում են «Զանգին» թարգմանել նաև վրացերենով։
«Հաշվի առնելով վրացիների հատուկ վերաբերմունքն իրենց լեզվին, որոշեցինք տեղայնացնել այն ու միգուցե հաջորդ տարի կամ այս տարվա վերջին մենք կմտնենք նաև վրացական շուկա,-տեղեկացրեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ կարևորում է նման հանդիպումները,- փոխանակվեցինք տեղեկատվությամբ, այս տեղեկատվությունը միգուցե այս պահին չօգտագործվի, բայց վստահ ենք, որ օգտակար կլինի։ Միգուցե այս թիմի անդամներից որևէ մեկն ինչ որ ժամանակ անց, ինչ որ տեղ կկիրառի մեր խորհուրդները»։
Ծրագրին մասնակցող 20-ամյա Մարիկա Խանտաձեն վստահ է, այս հանդիպումներն անօգուտ չեն լինելու և Վրաստան վերադառնալուն պես կիսվելու է այս փորձով գործընկերների հետ։
«Շատ հետաքրքիր օրեր ենք անցկացնում։ Հետաքրքիր է շրջել այստեղի կազմակերպություններում։ Հատկապես հավանեցի Picsart-ը, որից նախկինում օգտվում էի, սակայն չգիտեի, որ հայկական է։ Նաև «Թումոն» էր շատ հետաքրքիր, կարծում եմ, սա ապագայի ծրագիր է, հիանալի է, որ երիտասարդներին նման հնարավորություն է ընձեռվում,-ասում է Մարիկան ու նշում, որ սա հրաշալի փորձառություն էր իր համար,-Շատ հետաքրքիր և կարևոր էր իմանալը, թե այս կազմակերպություններն ինչպես են մեկնարկել իրենց գործունեությունը։ Բացի այդ, հաճելի էր շփվել հայերի հետ, հայերը շատ հյուրասեր են»։
GG ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը նշում է, որ ծրագիրը շարունակական է լինելու։
«Վրաստանում մեզ հանդիպած ստարտափերում դեռ բավական աշխատանք կար անելու, իրենց մոտ առայժմ հիմնականում գաղափարներ են, մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ քայլեր պետք է արվեն ներդրումներ ունենալու համար, մենք պատմում ենք մեր փորձի մասին, ներկայացնում ենք, թե ընդլայնվելու ինչ հնարավորություններ ունեն»։