«Իմ ընտրվելու դեպքում Թբիլիսին կդառնա երջանիկ մարդկանց քաղաք». Ուդումաշվիլի

Թբիլիսիի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից մեկը՝ Զաալ Ուդումաշվիլին, պաշտոնապես հայտարարվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու՝  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից: Երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժը իր թեկնածուին ներկայացրել է մայրաքաղաքի պատմական հատվածում՝ Մետեխիի տաճարի բակում, Թբիլիսիի հիմնադիր Վախտանգ Գորգասալիի արձանի դիմաց: Հիշեցնենք՝ օրեր առաջ Ուդումաշվիլին հայտարարել էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում իր  կարիերայի ավարտի և քաղաքականություն մուտք գործելու մասին: Ընդգծվում է, որ նա ՄԱՇ-ի անդամ չէ, բայց «համախոհների թիմում է»: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին ՄԱՇ-ից ներկայացվել էր Նիկա Մելիայի կուսակցությունը, ով արդյունքում զիջեց ներկայիս քաղաքապետ Դավիթ Նարմանիային՝ ընտրությունների երկրորդ փուլում:

«Դուք երկար տարիներ լսել եք ինձ ձեր տներում, ինֆորմացիա եք ստացել՝ երկրում և մեր քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, եկել է ժամանակը, որ ես լսեմ ձեր կարծիքները՝ Թբիլիսիի փողոցներում, տներում, այգիներում, մետրոյի կայարաններում, ավտոբուսներում, այնտեղ, ուր ապրում եք դուք, այնտեղ, ուր Թբիլիսին է: Ժամանակն է՝ ձեզ մոտ գալ՝ հասկանալու համար՝ ինչպես եք դուք ապրում, ինչ է պետք ձեզ՝ ավելի լավ ապրելու համար»,- իր խոսքում ասել է թեկնածուն: Նա կարծիք է հայտնել, որ Թբիլիսին երբեք այսքան ուշադրությունից զրկված  չի եղել, ինքն ուզում է քաղաքապետ դառնալ, որպեսզի Թբիլիսին դառնա երջանիկ մարդկանց քաղաք: Ընտրվելու դեպքում Ուդումաշվիլին քաղաքի ենթակառուցվածքների նորացում և հսկայական աշխատանքների իրականացում է խոստացել, նաև քաղաքային բյուջեից ֆինանսավորում՝ սոցիալապես անապահով ուսանողների, աշակերտների, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության համար:

Թբիլիսի և ևս 11 քաղաքների և շրջանների ղեկավարների հերթական ընտրությունը նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ընտրություններից 60 օր առաջ: Զուգահեռաբար, Վրաստանում կանցկացվեն նաև տեղական կառավարման (սակրեբուլո) ընտրություններ:

 

Թողնել պատասխան