2017-ին Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակ ունի մայրաքաղաքում առնվազն մեկուկես միլիոն քառակուսի մետր ճանապարհ նորոգել:
Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան՝ քաղաքային կառավարության նիստին՝ ասելով, որ սա երեք անգամ ավել է, քան արվել էր նախորդ տարիներին՝ նախորդ իշխանությունների ժամանակ: Նարմանիան ասել է, որ այս պահին աշխատանքները ներառում են մայրաքաղաքի ողջ տարածքը: Նա խոսել է նաև կենտրոնական փողոցներից մեկի՝ Պեկինի կապիտալ վերանորոգման ծրագրից, որի շրջանակում նորացվելու են ստորգետնյա անցումները, ճանապարհային ենթակառուցվածքները:
Հունիսի 16-ից, շինարարական աշխատանքների հետ կապված, որոշ փողոցներում հանրային տրանսպորտը ժամանակավոր կաշխատի փոփոխված երթուղով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին, այդ պատճառով աշխատանքները տարվելու են շուրջօրյա ռեժիմով:
Պեկինի փողոցը 60 տարվա ընթացքում վերանորոգվում է առաջին անգամ: Աշխատանքների ընթացքում փողոցը մասամբ կփակվի: