«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումից ի վեր Վրաստանից Շենգենյան գոտու երկրներ է այցելել ավելի քան 20 հազար Վրաստանի քաղաքացի»,- այս մասին Interpressnews.ge լրատվականին հայտնել է Վրաստանի Եվրոպական և Եվրատլանտյան հաստատություններում ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն:
Դոլիձեի խոսքերով՝ Շենգենյան գոտի մուտք գործելու մերժում են ստացել հաշված մարդիկ:
«Այս պահի դրությամբ միայն դրականորեն կարող եմ արձագանքել, ցավոք վերջին եռամսյակի վիճակագրությունը պարզ կլինի միայն հունիսի վերջում: Այժմ առկա վիճակագրական տվյալների համաձայն՝ ավելի քան 20 հազար այցելուից Շենգենյան գոտի մտնելու հնարավորություն չի տրվել ընդամենը մի քանի քաղաքացու՝ այն էլ տեխնիկական խնդիրների պատճառով: Մեր քարոզչությունը լավ արդյունք տվեց, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը շատ կարևոր է»,- նշել է Դոլիձեն: