«Բիձինա Իվանիշվիլիի խաղերն ավարտվել են»,- համոզված է ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն ամեն անգամ, երբ խոսում է Մարգվելաշվիլիի ապակառուցողական գործողությունների մասին, նպատակադրված շանտաժի է ենթարկում նախագահին ու ընտրողներին»,-ասում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ հիշեցնելով, որ 2013թ․ երկրի նախագահի պաշտոնում Մարգվելաշվիլիին հենց Իվանիշվիլին (նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանքի»-ի հիմնադիր) ընտրեց։
«Այն ժամանակ Բիձինա Իվանիշվիլին կարող էր դուրս գալ ու ասել` ընտրեք այս փայտի կտորը, մարդիկ կընտրեին, սակայն ես չեմ ասում, որ Մարգվելաշվիլին փայտի կտոր է»,-նշել է Բուրջանաձեն։
Նրա համոզմամբ՝ Իվանիշվիլիի ժամանակներն անցել են․ «2018 թվականի նախագահական ընտրություններին նա չի կարող նույնն անել»։
«Քաղաքացիների շրջանում նա իր վստահությունն արդեն կորցրել է, ուստիև որոշել է Սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի ձայնի իրավունք ունեցողները միայն որոշեն, թե ով կլինի նախագահը»,-ասում է Բուրջանաձեն։
Նա պնդում է, որ «Ժողովրդավարական շարժում»-ը դա թույլ չի տա անել, «ժողովրդի հետ այս կառավարությանը կստիպի չընդունել Սահմանադրության նոր նախագիծը»: