Վրաստանյան մամուլը ապրիլի 15-ին առավելապես անդրադարձավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում Վրաստանի վարչապետը մի շարք հայտարարություններ է արել:
Մասնավորապես` Կվիրիկաշվիլին ևս մեկ անգամ հայտարարել է, թե չի պատրաստվում աշխատանքից ազատել Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ նախարարներին.
«Չեմ պատրաստվում աշխատանքից ազատել կառավարության` Հանրապետական կուսակցության անդամ նախարարներին: Եթե նրանք կընտրեն նախընտրական ցուցակում մնալը` դա նրանց անձնական որոշումն է: Մենք գործընկերության և մրցակցության պայմաններում ենք աշխատում, եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր է աշխատել նման միջավայրում: Այս առումով լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ»,- հայտարարել է վարչապետը: Վարչապետը հայտարարել է նաև, որ Բիձինա Իվանիշվիլին շարունակում է կարեւոր դերակատարություն ունենալ Վրաստանի քաղաքական կյանքի ներկա փուլում.
«Այսօր մեր քաղաքական կյանքում չափազանց կարևոր է Բիձինա Իվանիշվիլիի գործոնը, ուստի չեմ պատրաստվում հերքել այս իրողությունը: Բիձինա Իվանիշվիլին շատ լավ գործեր է արել վրացական քաղաքականությունում, և կարծում եմ, որ հետագայում ևս անելու է: Ինչ վերաբերվում է նրա հետ իմ հարաբարություններին` ասեմ, որես միշտ ունեցել եմ բաց և անկեղծ հարաբերություններ եւ երբեք չեմ խոսափել նրա հետ անկեղծ բանավեճ ունենալուց»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Մամուլում խոսվեց նաև Թբիլիսիի ֆորումի մասնակիցներից մեկի` Սուլխան Ծուլաձեի` Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հասցեին արած հայտարարության մասին: Վերջինս ինտերնետային մի ֆորումի ընթացքում հայտարարություն էր արել, ինչի արդյունքում Ծուլաձեի նկատմամբ նախնական կալանքի որոշում է կայացվել: Ձերբակալվածի եղբոր փոխանցմամբ` Սուլխան Ծուլաձեն ինտերնետային ֆորումում հումորով գրել, թե պատրաստվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի և դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակում իրականացնել: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով՝ միջազգայնորեն պաշտպանված անձի կամ հաստատության վրա հարձակում նախապատրաստելու հիմքով, որը նախատեսում է մինջև 20 տարի ազատազրկում: Իր հերթին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Միջազգայնորեն պաշտպանված անձի հանդեպ վնասակար գործունեության գործով հետաքննություն է տարվում, այդ իսկ պատճառով Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանություն անել չի կարող:»
Ապրիլի 16-17-ին «Հայ-վրացական միություն» ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման շրջանակներում տեղի կունենա երկօրյա մշակույթային ծրագիր: «Մեր Թբիլիսին» ծրագրի շրջանակներում, Թբիլիսիում զբոսաշրջիկների պտույտներ կկազմակերպվեն, որին երիտասարդներ կմասնակցեն Ջավախքից, ովքեր կգիշերեն մայրաքաղաքում բնակվող ընտանիքներում: Թբիլիսիում գտնվելու ընթացքում երիտասարդները կայցելեն հայկական դրամատիկական թատրոն: Նրանք կհանդիպեն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին և թատրոնի աշխատակիցներին: Նախատեսվում է նաեւ այցելել Թբիլիսիի Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին հայկական եկեղեցիները, Նարիկղալա և Սբ. Նիկոլոզի եկեղեցի, Վրաստանի խորհրդարան և Արդարադատության տուն, ինչպես նաեւ տարբեր թանգարաններ:
Սլովակիայի հանրապետության մայրաքաղաքում պաշտոնապես բացվել է 10-րդ գլոբալ անվտանգության ֆորումը, որին մասնակցում են եվրոպական երկրների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչներ: Ֆորումի շրջանակներում Սլովակիայի հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկան ողջունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին և շնորհակալություն հայտնել ֆորումին մասնակցելու համար: Կողմերը խոսել են այս տարվա մայիսին Անդրեյ Կիասկայի Վրաստան այցի մասին, վերջինս եվրոպական և եվրատլանտյան կառուցներում Վրաստանի ինտեգրմանը աջակցություն է հայտնել: