Ադրբեջանցի լրագրողների փոխանցմամբ` Թբիլիսում «անհետացած» ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլին գտնվում է Ադրբեջանի տարածքում: Նրանց տեղեկատվությամբ, լրագրողը զանգահարել է փաստաբան Նեմատ Քերիմլուին և օգնություն խնդրել:
Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները:
Ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Աֆգան Մուխտարլիին վերջին անգամ տեսել են մայիսի 29-ին, երեկոյան ժամը 19:00-ի շրջանում: Նա հանդիպել է իր ընկերոջը, այնուհետև զանգահարել կնոջը և ասել, որ շուտով տանը կլինի, ինչից հետո լրագրողի հետ կապ հաստատել հնարավոր չի եղել: Մուխտարլիի կնոջ` Լեյլա Մուստաֆաևայի և ընկերոջ` Դաշգին Աղալարլիի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում նրան հետևել են, հավանաբար ադրբեջանցիներ:
Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի հատկանիշներով (ազատության ապօրինի սահմանափակում):