Թբիլիսիում ազգերի բարեկամության խորհրդանիշ համարվող Մեյդան թաղամասում նշվեց Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ստեղծագործած Սայաթ Նովային նվիրված Վարդատոնը։
Ավանդույթի համաձայն՝ այս տարի մայիսի վերջին կիրակի օրը ևս մարդաշատ էր հրապարակը, որտեղ հայ եւ վրաց ժողովրդի ներկայացուցիչներին միավորել էր Թիֆլիսում ավելի քան 300 տարի առաջ բարեկամություն, մարդասիրություն ու բարություն սերմանող աշուղը:
Սայաթնովյան «Վարդատոն 2017»-ը կազմակերպել էին «Վիրահայերի Միությունը», Թբիլիսիի քաղաքապետարանը, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, միջոցառմանն աջակցել էր նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Մեծ աշուղին նվիրված տոնական օրը մեկնարկեց Թբիլիսիի առաջնորդանիստ սբ Գեւորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի շիրիմին մեկական վարդ խոնարհելով։ Այնուհետեւ միջոցառումը համերգային ծրագրով շարունակվեց Սայաթ-Նովային նվիրված արձանի հարակից տարածքում՝ Մեյդանի Գորգասալի հրապարակում:
Վարդատոնն ըստ ավանդույթի մեկնարկեց Վրաստանի եւ Հայաստանի բանաստեղծների, հասարակական ու քաղաքական գործիչների ելույթներվ: Հանդես եկան Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին եւ Էդուարդ Միլիտոնյանը: Միջոցառման ընթացքում բազմիցս հիշատակվեց հայ-վրացական բարեկամության խորացման կարեւորության մասին:
«Ալիք»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ («Վիրահայերի Միություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող) Մարի Առաքելովան կոչ արեց օգնել առողջական խնդիրներ ունեցող 10-ամյա Մարիամ Սարգաթյանին։
«Մենք որոշեցինք այս տարվա Վարդատոնը նվիրել փոքրիկին, քանի որ նա մեր համախմբվածության կարիքն ունի»,- նշեց Առաքելովան:
Վարդատոնին մասնակցելու համար ավանդույթի համաձայն Թբիլիսի էին ժամանել Հայաստանի Հանրային Ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբը:
Հիշեցնենք՝ Վարդատոնը հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի եւ վրացի գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ Թբիլսիիում առաջին անգամ տոնվել է 1914թ․-ին։