Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Կվիրիս պալիտրա» թերթին հարցազրույց է տվել, որում ասել է.
«Վստահ եմ, որ Կախա Կալաձեն շատ լավ քաղաքապետ կլինի: Կալաձեն իմ ընկերն է, ընտրություններում նա սատարել է ինձ, և եթե մեր թիմը առաջադրի նրա թեկնածությունը, ես կսատարեմ նրան»:
Հարցին՝ Կալաձեի թեկնածության առաջադրումն արդյոք կապված է այն փաստի հետ, որ թիմն իրեն համարում է ոչ այնքան հաջողակ քաղաքապետ, Նարմանիան պատասխանել է.«Իմ հաջողության աստիճանը պետք է որոշի հանրությունը՝ հատկապես այն բազմաթիվ պրոեկտներից հետո, որոնք ես եմ սկսել՝ նոր ավտոբուսներ, Աղմաշենեբելիի պողոտա, Պուշկինի փողոցի երկկողմանի երթևեկություն, Շինդիսի-Կրծանիսի և Սամեբա-Մախաթա ճանապարհներ, ավելի քան տասը նոր մանկապարտեզ, Պեկինի պողոտայի ամբողջական վերականգնման պլան և այլն»:
Իրեն նոր՝ գլխավոր աուդիտորի պաշտոնում նշանակելու հնարավորության հետ կապված՝ Նարմանիան ասել է, որ խորհրդակցությունները տարվում են շատ հարցերի շուրջ. «Թիմը կորոշի՝ ով կլինի քաղաքապետ՝ ես, թե այլ մեկը, կամ ես կանցնեմ արդյոք այլ պաշտոնի, եթե չլինեմ քաղաքապետի թեկնածու»: