Իմ ներսում ապրող հեքիաթը․ Հայաստանում բացվել է Վրաստանում ապրող հայազգի տիկնիկագործի ցուցահանդեսը

Հին Թբիլիսիի գունեղ կյանքը, Փարաջանովը, Կոմիտասը, Ֆրունզիկն ու այլ հայտնիներ այս օրերին տիկնիկների կերպարանքով հայտնվել են Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում գտնվող տիկնիկների պատկերասրահում։ Նրանց կյանք տվողը Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում բնակվող հայազգի նկարիչ Արմեն Հովհաննիսյանն է, ով արդեն չորս տարի իրեն նվիրել է տիկնիկագործությանն ու այդ կերպ արտահայտում է իր ներսի հեքիաթը։

20170524_142612

«Կյանքում լինում է հետաքրքիր փուլ, երբ փորձում ես ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում, սակայն ինձ համար տիկնիկագործությունը դարձավ հենց այն կետը, որով կարող էի ներկայացնել այն ինչ ուզում էի, տիկնիկն իմ ներսի հեքիաթն է, նկարների վրա ես չէի կարողանում շոշափելի հեքիաթ ներկայացնել, իսկ տիկնիկների պարագան այլ է»,-«Ալիք մեդիային» ասում է տիկնիկագործը։

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ Հովհաննիսյանի շուրջ երկու տասնյակից ավելի տիկնիկներն առաջին անգամ հյուրընկալվել են Հայաստանում, ավելին՝ Երևանի նորաբաց տիկնիկների պատկերասրահում սա առաջին անհատական ցուցահանդեսն է։ Ավելի վաղ արվեստագետը ցուցահանդես է ունեցել նաև Վրաստանում։

«Այստեղ ներկայացվածներն իմ սիրելի կերպարներն են, սակայն Փարաջանովին հատկապես շատ եմ սիրում, գնահատում եմ իր արվեստը, Փարաջանովի տիկնիկը պատրաստելու ընթացքում ես ուղիղ մեկ ամիս նրա «Նռան գույնը» ֆիլմն եմ նայել, որպեսզի Փարարջանովը ստացվի այն՝ ինչ ինքս եմ ուզում, նա չլինի պարզապես տիկնիկ»,-ասում է տիկնիկագործը՝ ուրախությամբ նշելով, որ իր ջանքերը զուր չեն անցել և այս տիկնիկի համար Վրաստանում նա արժանացել է լավագույն մրցանակի։

20170524_144227Տիկնիկագործի աշխատանքը գնահատվեց նաև հայրենիքում։ Հայաստանի սփյուռքի նախարարը նույնպես հիացել է հեքիաթային տիկնիկներով և Արմեն Հովհաննիսյանին պարգևատրել նախարարության շնորհակալագրով՝ հայ մշակույթի զարգացման և տարածման համար։

20170524_141404Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի կարծիքով Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները միայն պարզ կերպարներ չեն, այստեղ խոսում ու շնչում է և՛ Փարաջանովը, և՛ Ֆրունզիկը և՛ մյուս հայտնիները։

«Շարժում կա նրա տիկնիկների մեջ և միայն իրեն է հայտնի թե ինչ էներգիա ու ստեղծագործական միտք է դրել նա այդ կյանքը ստեղծելու համար։ Արմեն Հովհաննիսյանի այսօրվա ցուցահանդեսը հայ վրացական բարեկամության յուրօրինակ վկայությունն է, որովհետև հայ ազգի երիտասարդ, շնորհալի արվեստագետը Վրաստանում ստեղծել է նման հարուստ հավաքածու և բերել հայրենիք՝ ցուցադրելու։ Ողջունելի է, որ գործ ունենք երիտասարդ արվեստագետի հետ, որի միտքն այս դեպքում փորձառու արվեստագետի մտքի տպավորություն է թողնում»,-ասում է Սրապիոնյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Ըստ Սրբազան Հոր՝ Արմենը նոր խոսք է ասում Թբիլիսիի տիկնիկագործության ոլորտում։

20170524_141645«Արմեն Հովհաննիսյանը և՛ տիկնիկագործ է և՛ բանաստեղծ, լինելով թբիլիսյան մշակույթը կրող անձ՝ իր տիկնիկներով ձևավորել է շատ հետաքրքիր վրացա-հայկական միջավայր։ Ընդհանրապես, տիկնիկագործությունն ամենաբարդ արվեստներից մեկն է, ինչպես կասեր մեր հայտնի տիկնիկագործ Գարի Դավթյանը, ոչ բարի տիկնիկներ չեն լինում, և ես տեսնում եմ, որ Արմենին հաջողվել է ստեղծել հենց այդ բարի տիկնիկների կերպարը, որը մարդկանց բարիացնում ու ազնվացնում է,-ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը՝ հավելելով, որ երիտասարդ տիկնիկագործն առաջիկայում շատ կարևոր մի ծրագիր էլ է մեկնարկելու,-Թբիլիսիում ավարտին է մոտեցել հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տան վերանորոգման աշխատանքները, այն կկոչվի «Թումանյանական վերնատուն», իսկ Արմենը ծրագրում է այնտեղ խաղարկային տիկնիկային թատրոն բացել»։

20170524_143356Տիկնիկագործի աշխատանքները հայ հանդիսատեսը հնարավորություն ունի տեսնել մինչև մայիսի 27-ը՝ Տիկնիկների պատկերասրահում, որ գտնվում է Աբովյան 1/1 հասցեում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի դիմաց։

Արմեն Հովհաննիսյանը հույս ունի, որ ներկա գտնվելով ցուցահանդեսին, յուրաքանչյուրն այս տիկնիկների աչքերում կգտնի իր կորցրած մանկությունը և հեռանալով՝ կտանի հետաքրքիր հիշողություններ։

«Արթուն պահեք ձեր ներսի հեքիաթը, սիրեք տիկնիկներ ու կտեսնեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը դեպի բարին»,-վստահ է վրացահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը։

Թողնել պատասխան