Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը այլ երկրի քաղաքացիներին կարգելվի։
Երկրի գլխավոր օրենքում նման կետ մտցնելու մասին որոշումն ընդունվել է խորհրդարանի իրավական հարցերով հանձանաժողովի նիստում։
Խորհրդարանական ընդդիմությունը համաձայն է՝ հարցը կարգավորման կարիք ունի, սակայն, այն պետք է սահմանվի օրգանական օրենքով։
«Որոշակի վերահսկման համար օրգանական օրենքը բավարար է։ Սահմանադրությունում ամուսնության, հողատարածքի ձեռք բերման և այդ կարգի հարցերի ներառումը ռուսական ճնշման արտահայտում է»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:
Հարցում ռուսական քարոզչության մասին են խոսում նաև «Եվրոպական Վրաստան»-ի անդամները:
Իշխող «Վրացական երազանք»-ը, սակայն, վերոնշյալ հարցի սահմանումը պնդում է Սահմանադրությունում: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիի խոսքով՝ հողերի օտարման հարցն իսկապես մտահոգում է հասարակությանը:
«Մենք ցանկանում ենք առավելագույն ճկունություն դրսևորել հարցում: Թե ինչ տեսքով այն տեղ կգտնի Սահմանադրության մեջ, դա դեռ ենթակա է քննարկման: Փաստ է, որ մեր բնակչությանը մտահոգում է խնդիրը, ինչի հետ մենք պարտավոր ենք հաշվի նստել»,- հայտարարել է Սեսիաշվիլին:
Հիշեցնենք՝ նման առաջարկով հանդես են եկել նաև Վրաստանի լեյբորիստները։