Հայտնի են «ԱՎՐՈՐԱ» մրցանակի 4 հավակնորդները

 

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները, որոնց անունները հայտարարվել են անցյալ ամիս, ներկայացրել են այն կազմակերպություններին, որոնց նրանք կցանկանային առաջադրել 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայաստանում։

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ունենալու է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1 մլն  դոլարի դրամաշնորհի ներկայացնելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպությանը կամ կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն են՝


001_mb_1200x480Մարգարիտ Բարանկիցե, Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց։ Բուրունդիում մոլեգնող քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելով՝ Մարգարիտ Բարանկիցեն հազարավոր կյանքեր է փրկել, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա։ 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

catena_1200x480_0Բժիշկ Թոմ Քաթինա, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց։ Ամերիկացի այս բժիշկը ապստամբներից կողմից վերահսկվող Նուբա լեռների (Սուդան) «Գթության Մայր» հիվանդանոցի միակ բժիշկն է։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածաշրջանի բազմակի ռմբոկոծումներին՝ բժիշկ Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես բնակվում է  հիվանդանոցի տարածքում։

001_sgf_1200x480Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար։ Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Նրա ջանքերի շնորհիվ պակիստանցի հազարավոր բանվորներ են փրկվել, այդ թվում՝ 21,000 երեխա։

001_bk_1200x480Հայր Բերնարդ Կինվի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մոլեգնող քաղաքացիական պատերազմի ընթացքում Բոսեմտելեի իր միսիայի տարածքում Հայր Բերնարդ Կինվին հակամարտության երկու կողմի տուժածներին ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Չորս հավակնորդներից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն ներկայացնելու մինչեւ երեք կազմակերպություն, որոնք կարող են առաջադրվել մեկ միլիոն դրամաշնորհի՝ ապրիլի 24-ին դափնեկրի անունը հայտնի դառնալուն պես: Բացի այս մեկ միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հնարավորությունից, դափնեկրին տրվելու է հարյուր հազար  դոլարի անհատական պարգեւ։

«Ավրորա» մրցանակի հաղթողի անունը հայտարարելու է Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի ունենալիք արարողության ընթացքում։

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

Թողնել պատասխան