
«Վրացական երազանք»-ը պատժամիջոցների ենթարկված Սուլխան Թամազաշվիլիին հաստատել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությանն աջակցել է 12 պատգամավոր. ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։
21 հոգանոց Գերագույն խորհրդում «Վրացական երազանք»-ն ունի 13 պատգամավոր, ընդդիմությունից մնացել են երկուսը («Վրաստանի համար»), իսկ վեց ընդդիմադիրներ հրաժարվել են իրենց մանդատներից։ Ընդդիմությունը չի ճանաչում 2024 թվականի ընտրությունների օրինականությունը:
«Նիստում ուշադրությունը կենտրոնացվել է ներդրումային ծրագրերի, առողջապահության, սոցիալական պաշտպանության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում նախատեսվող կարևոր միջոցառումների վրա։ Քվեարկությունից առաջ թեկնածուները պատասխանել են օրենսդիրների հարցերին, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները», — գրված է Աջարիայի Գերագույն խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Թամազաշվիլիի նախորդը՝ Թոռնիկե Ռիժվաձեն, ապրիլի 4-ին սոցիալական ցանցում գրել էր իր անսպասելի հրաժարականի մասին։ Ֆեյսբուքում հրապարակված գրառման մեջ նա ասել էր, որ ժամանակն է ինչ-որ նոր բանի, և ինքը մնում է «Վրացական երազանք»-ի հավատարիմ զինվորը։
Որպես Ռիժվաձեին փոխարինող «Վրացական երազանք»-ն ընտրել է Թբիլիսիի ոստիկանության վարչության արդեն նախկին պետ Սուլխան Թամազաշվիլիին։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին պատժամիջոցներ է կիրառել Թամազաշվիլիի նկատմամբ՝ ՆԳՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարի և հատուկ նշանակության ուժերի ղեկավարների հետ միասին։